Եվրամիությունը չի կարողանա պահպանել իր հզորությունն առանց Թուրքիայի աջակցության. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Եվրամիությունը կարիք ունի նոր մոտեցումների և կառուցվածքային վերափոխումների, հատկապես՝ որոշումների կայացման մեխանիզմի հետ կապված։ Ակնհայտ է, որ առանց Թուրքիայի աջակցության ու ներդրման ԵՄ-ն չի կարողանա պահպանել իր հզորությունը»,- ասվում է Էրդողանի հայտարարության մեջ, որը հրապարակել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան, չնայած երկակի ստանդարտներին ու խոչընդոտների քաղաքականությանը, շարունակում է վճռականորեն հասնել ԵՄ-ին անդամակցելու ռազմավարական նպատակին:
2017-ի հուլիսի 6-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում ԵՄ երկրներին և Եվրահանձնաժողովին՝ դադարեցնել բանակցությունները Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, քանի դեռ դրա իշխանությունները չեն փոխել սահմանադրության որոշ հոդվածներ: 2017-ի ապրիլին անցկացվել էր հանրաքվե Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որն էապես ընդլայնեց նախագահի լիազորությունները: