Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հայտարարել է երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձի մասին, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»։
Վարչությունը նման եզրակացության է եկել, քանի որ «երկրում վերջին օրերի իրադարձությունները» համընկնում են «նախկինում ձեռք բերված փաստական հանգամանքների հետ»։
Միաժամանակ, Պետական անվտանգության ծառայությունը չի նշում, թե կոնկրետ երբ է հարուցվել գործը, որի շրջանակներում կատարվել են քննչական միջոցառումներ, թեև գերատեսչությունից նշել են, որ իրենք «գործին կից ապացույցների մասով բազմիցս կիսվել են հանրության հետ»։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ իշխանությունը զավթելու ցանկություն ունեն կոնկրետ քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։ Դրան հասնելու համար, ըստ հայտարարության, «մի խումբ մարդիկ Վրաստանի խորհրդարանի մոտ ակցիաների ժամանակ փորձում են սադրանքներ կազմակերպել, որոնց նպատակը ապակառուցողական և բռնի սցենարներ մշակելն է»։
«Ընթացիկ հետաքննության շրջանակում մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին և հայտարարում ենք, որ ապակառուցողական գործողությունների իրականացումը հետաքննության կողմից կդիտարկվի որպես ընթացող հետաքննության մաս», – ասված է հաղորդագրությունում։
Պետական անվտանգության ծառայությունը բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիներին կոչ է անում լինել զգոն և չգնալ սադրանքների։
Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (Դավադրություն կամ ապստամբություն՝ սահմանադրական կարգը բռնի փոխելու նպատակով)։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով։
Վրաստանի խորհրդարանի մոտ հերթական բողոքի ցույցին զուգահեռ Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել։ Երրորդ օրն է՝ հազարավոր մարդիկ հավաքվում են Ռուսթավելիում՝ բողոքելու երկրի եվրաինտեգրումը փաստացի կասեցնելու կառավարության որոշման դեմ։ Ընդդիմության առաջնորդները մասնակցում են հանրահավաքներին, բայց, իրենց իսկ խոսքով, որպես շարքային քաղաքացիներ։
Անցած երկու օրերին ցույցերն ավարտվեցին ցրումներով, տասնյակ մարդիկ վիրավորվեցին ու բերման ենթարկվեցին։