Սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջև։ Նման տեսակետ Civilnet.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ խոսելով հայ-թուրքական բանակցությունների մասին։
«Մինչ այժմ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել։ Եվ վերջերս որոշել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Մեր աշխատանքային խմբերը սկսել են հարաբերությունների վերականգնման գործընթացի տեխնիկական ուսումնասիրությունը», – նշել է նա։
Ըստ Քըլըչի՝ շատ շուտով կսկսվի փորձնական աշխատանքները։ «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք կարգավորման գործընթացը, քանի որ դա շահավետ է երկու երկրների և երկու ժողովուրդների համար», հավաստել է նա։
«Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար», – հավելել է Քըլըչը։