BBC-ի փոխանցմամբ՝ որոշ բրիտանացի զինվորականներ դուրս են բերվում Ալ Ուդեյդի ավիաբազայից։
Մեծ Բրիտանիան նաև ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Թեհրանում և կգործի հեռավար։
Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ երկրի դեսպանը և դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցները տարհանվել են իրավիճակի գնահատման և անձնակազմի անվտանգությունը գերակայություն համարող որոշման հիման վրա։
Իրանը գրեթե հինգ ժամով փակել է իր օդային տարածքը՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածների մտավախությունների պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է ռազմական միջամտությունը՝ ի պատասխան ցուցարարների սպանությունների։
Հինգշաբթի գիշերը Իրանը պաշտոնական ծանուցում (NOTAM) հրապարակեց՝ փակելով իր օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար: Բացառություններ են եղել երկիր մուտք գործող կամ երկիրից դուրս եկող միջազգային չվերթների համար:
Դրա պատճառով շատ ավիաընկերություններ ստիպված էին չեղարկել, վերաուղղորդել կամ հետաձգել չվերթները։
Հաղորդվել է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերը և Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Իրանը փակել է իր օդային տարածքը հինգշաբթի գիշերը՝ ժամը 1:15-ի սահմաններում։
Flightradar24-ի տվյալներով՝ ժամը 6:00-ից Իրանի օդային տարածքը բացվել է: Ծառայության տվյալներով՝ իրանական Mahan Air, Yazd Airways և AVA Airlines ավիաընկերությունները առաջիններից էին, որոնք վերսկսեել են թռիչքները երկրի վրայով:
Մինչ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, Պենտագոնը կրճատում է Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի անձնակազմի թիվը։
Իրանի իշխանությունները սպառնացել են ԱՄՆ-ի հարձակման դեպքում հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Այս շաբաթ Դոնալդ Թրամփը զգուշացրեց, որ ԱՄՆ-ն «շատ կոշտ միջոցներ» կձեռնարկի Իրանի դեմ, եթե իշխանությունները մահապատժի ենթարկեն ցուցարարներին։
ԱՄՆ նախագահին նաև հարցրել են, թե արդյոք Իրանի դեմ ռազմական գործողությունները բացառվում են, ինչին նա պատասխանել է. «Մենք կհետևենք և կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»։
Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ հարձակմանը: Չորեքշաբթի օրը Fox News-ի եթերում ելույթ ունենալով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Թրամփը սխալ է թույլ տվել անցյալ տարվա հունիսին՝ հրամայելով ռմբակոծել Իրանը. «Իմացեք, որ եթե փորձեք կրկնել անհաջող փորձը, կստանաք նույն արդյունքը»:
BBC News





