Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ. «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հետևաբար, այժմ ծագած խնդիրների, ինչպիսիք են Իսրայելի կողմից սիրիական տարածքի լայնածավալ օկուպացիան, նրա կողմից Սիրիայի ողջ պաշտպանական և գիտական ենթակառուցվածքի ոչնչացումը և դրա հետևանքով առկա բոլոր հակամարտությունների պատասխանատվությունը, բնականաբար, կրում են նրանք, որոնք իրականացրել են այդ փոփոխություններն ու զարգացումները: Իրանը հակամարտության մեջ չէ Թուրքիայի հետ, մենք Թուրքիայի հետ կշարունակենք մեր բարեկամական հարաբերությունները և խորհրդակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Ինչպես արդեն հայտնել ենք, հատկապես շաբաթ օրը Սիրիայի նոր կառավարությանը հարող «անվտանգության ուժերը» ահաբեկչություն, սպանդ են իրականացրել Սիրիայի ալավիներով բնակեցված տարածքներում, հատկապես՝ Լաթաքիայում։ Բռնությունների զոհերի թիվն անցնում է 1000-ը։