Թեհրանն իրեն իրավունք է վերապահում և պարտավորված է համարում պաշտպանվել այլ երկրների ագրեսիվ գործողություններից` ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա. ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի տարածքին Իսրայելի հարվածի ֆոնին. գրում է իրանական ParsToday-ը։
«Ինչպես բազմիցս ընդգծվել է իրավասու մարմինների կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում արտացոլված օրինական պաշտպանության բնական իրավունքի վրա, իրեն իրավունք է վերապահում և պարտավոր է համարում պաշտպանվել օտարերկրյա ագրեսիայի ակտերից», – ասված է հայտարարության տեքստում:
Իրանը համաշխարհային հանրությանը կոչ է անում անհապաղ համալիր միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու Իսրայելի փորձերը կասեցնելու համար:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիշեցնելով ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ երկրի, ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի անդամ երկրների, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիաների անդամ երկրների պատասխանատվության մասին` ընդգծում է համաշխարհային հանրության հրատապ գործողությունների անհրաժեշտությունը՝ դադարեցնելու ցեղասպանությունը, պատերազմն ու ագրեսիան Գազայի հատվածի և Լիբանանի դեմ, և սանձելու Իսրայելին պատերազմ հրահրելու փորձերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Իրանի ՀՕՊ ստորաբաժանման մամուլի գրասենյակը հայտարարել է որոշ ռազմական կենտրոնների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը հակազդելու մասին։
«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է․ «Չնայած Իրանը բազմիցս զգուշացրել էր հանցավոր և անօրինական Սիոնիստական ռեժիմին՝ խուսափել արկածախնդիր գործողություններից, կեղծ ռեժիմը շաբաթ առավոտյան հարձակվել է Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգներում տեղակայված ռազմական կենտրոնների վրա։Իրանի ՀՕՊ համակարգը հաջողությամբ դիմակայել է Սիոնիստական ռեժիմի հարձակմանը»։ Ըստ այս հայտարարության՝ որոշ վայրերում հարձակումների հետևանքով կան թեթև վնասներ, որոնց չափերը ճշտվում են։