Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆա Հաֆթարի կողմնակիցների՝ լիբիական Թոբրուկում թուրքական դրոշը պղծելու փորձը: Թուրքական գերատեսչությունը կատարվածը որակել է որպես «զզվելի արարք»:
«Մենք խստորեն դատապարտում ենք մեր դրոշի նկատմամբ նողկալի գործողությունները, որոնք տեղի ունեցան Լիբիայի Թոբրուկ քաղաքում ժամանակավոր Ներկայացուցիչների պալատի դիմաց 2021 թվականի հուլիսի 5-ին կայացած բյուջետային խորհրդակցությունների ընթացքում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչի հայտարարության մեջ:
Ըստ նրա՝ ակցիան «ակնհայտորեն ուղղված էր թուրք-լիբիական եղբայրության դեմ»: «Մեր անկախությունն ու սրբազան արժեքները մարմնավորող դրոշի վրա հարձակում երբեք չի հաջողվի: Այն կստանա անհրաժեշտ հակահարված, առաջին հերթին՝ լիբիացի բարեկամական և եղբայրական ժողովրդից»,- ասել է Բիլգիչը:
«Այս հրեշավոր արարքի մասին տեղեկանալուց անմիջապես հետո Տրիպոլիում մեր դեսպանատունը անհրաժեշտ գրավոր և բանավոր նախաձեռնություններով դիմեց Լիբիայի արտգործնախարարությանը և պահանջեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապագայում նման սադրանքների ու միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- հավելել է նա։
Նախօրեին Խալիֆա Հաֆթարի կողմնակիցները Թուրքիայի դրոշները փռել էին ճանապարհի վրա, որով պետք է անցներ Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեի ավտոշարասյունը Թոբրուկ այցի ընթացքում:
Հիշեցնենք, որ լիբիացիները արդարացիորեն բողոքում են Թուրքիայից՝ իրենց հայրենիքում թուրքական զորքերի և վարձկանների առկայության պատճառով։