Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բարելավելու բանակի պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։
Ռուսական պետական հեռուստաալիքներին տված իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Հայաստանին զենքի մատակարարման հարցում առաջատարը Ֆրանսիան է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ ԱՄՆ-ը։
«Ֆրանսիան ու Հնդկաստանը չեն թաքցնում, որ Հայաստանին մահաբեր զենք են մատակարարում, ԱՄՆ-ը չի խոստովանում, բայց մենք հետևել ենք [ամերիկյան] ռազմական բեռնատար ինքնաթիռներին, որոնք վայրէջք են կատարել հայկական օդանավակայաններում ու զինամթերք տարել», – ասել էր Ալիևը։