Արցախի Հանրապետության դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ստացել այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները:
Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք հաճախականությունների չափագրման արդյունքում կազմված եզրակացության համաձայն 87-100 ՄՀՑ «FM» տիրույթում առկա է 3 վայրկյան և 7 վայրկյան պարբերականությամբ կրկնվող ազդանշան, որը ստացվում է ԱՀ Ասկերանի շրջանի ուղղությունից` ադրբեջանական կողմից, ինչը խլացնում է տեղական հաճախականությունները` այդպիսով խոչընդոտելով դրանց անխափան գործարկմանը:
«Քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է նաև, որ վերոհիշյալ խափանող ազդանշանը գործարկվում է նոր հաճախականությամբ նաև այն դեպքում, երբ Արցախում համապատասխան ռադիոհաճախականության օգտագործողի կողմից կատարվում է հաճախականության ալիքի փոփոխություն:
Վերոգրյալը հիմք է տալիս արձանագրելու, որ ադրբեջանական կողմը նման միջոցներով միտումնավոր փորձում է խոչընդոտել Արցախում հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը` միաժամանակ գույքային վնաս հասցնելով նաև տնտեսվարող սուբյեկտներին:
Նշված քրեական գործով պարզված հանգամանքների մասին հաղորդվել են ինչպես Արցախի Հանրապետության իրավասու մարմիններին, այնպես էլ ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին»,- ասված է հաղորդագրության մեջ: