Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հիասթափությունն ու վախը միակ գործիքներն են, որոնցով Փաշինյանը կարողացել է իրացնել իր բոլոր թվացյալ հաղթանակները մեր նկատմամբ: Հոռետեսությունը էմոցիոնալ առումով միշտ գերակայող է դառնում, երբ Փաշինյանը իշխանական լծակների արդեն գերլարված կիրառմամբ իր հարցերն է լուծում:
Ինչ է կատարվել երեկ: Սամվել Կարապետյանը արել է հայտարարություն, որից հազարապատիկ ավելի ռադիկալ ու կտրուկ ամեն օր անում է այս հանրապետության յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին օրը երեք անգամ: Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ հրամայում է ԱԱԾ պետին սկսել ռեպրեսիան: ԱԱԾ պետը հրաժարվում և հրաժարական է տալիս: Ոստիկանությունը ստիպված հրավերի և ուղեկցման ֆորմատով Սամվել Կարապետյանին ուղեկցում է ոստիկանություն: Հետո ողջ օրվա ընթացքում դատական համարգը սկսում է փնտրել համակարգում այն դատավորին, որը ամենահեզաճկուն կերպով կկատարի յուրաքանչյուր հրահանգ վերևից: Փնտրտուքը այնքան է դժվարանում, որ Երևան քաղաքի բոլոր դատարանները դարձնում են հերթապահող, որ կարողանան գտնել այդ «հեզաճկունին»: Գտնում են, «հեզաճկունը» կատարում է հրամանը: Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը:
Արդյունքը,
1. Փաշինյանն այլևս իր ոչ ադեկվատ կամքի կատարման համար մեծագույն ջանքեր և կադրային զոհողությունների է գնում, ինչն ապացուցում է, որ կառավարման համակարգը X պահի նրան կարող է թողնել մենակ:
2. Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ձևավորվում է լայնածավալ հանրային կոնսոլիդացիա, որը ընդունել է մարտահրավերը ամբողջությամբ և վճռականությամբ, ինչը ստեղծել մի մեծ հանրային և քաղաքական պաշտպանական գիծ, որը կարող է վերածվել հարձակման գծի:
3. Սամվել Կարապետյանի բանտարկման արդյունքում ընդդիմադիր ակտիվ շերտը, շեշտում եմ ակտիվ պրոտեստանտ հանրույթների շրջանակները կտրուկ լայնանում են: Լայնանում են մի մեծ ապաքաղաքական հանրային շերտով, որը ստիպված դառնում է քաղաքականացված և անցնում պասիվ ռեժիմից դեպի ակտիվ ռեժիմ:
Հիմա ոչ էմոցիոնալ և սառը դատելով և անշտապ գնահատեք, թե Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը առհասարակ հաղթանակ է, թե խնդիրների խորացում, որոնք մեծ և լայն դիտակետից իրեն անդառնալի վնասում են:
Այս վիճակում խաղն ամբողջությամբ փոխվելու է, երբ մարտահրավերներն ընդունելուց բացի անցնենք մարտահրավեր նետելուն: Ոչ «հեզաճկուն դատավորը», ոչ ուղեկից ոստիկանը և ոչ էլ թվով արդեն չեմ հիշում որերորդ ԱԱԾ պետը քաղաքական անվտանգության երաշխավոր լինել չեն կարողանալու, իսկ դա նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ է լինելու:
P.S. Նրա հաղթանակները պյուռոսյան հաղթանակներ են այլևս և դա ակներև է թերևս ոչ բոլորին: Նրա հաղթանակներն այլևս շատ նման են իրեն: Դրանք մանր են, քինախնդիր, էժան և անբարո հաղթանակներ են և բխում են իր և իր խմբակի որակից: Մերը պետք է բխի մեր բնութից և որակից: Մեր որակի ծավալը փոխվում է շեշտակի և գալիս է պահը, երբ հիասթափության և վախի նրա գործիքը, ինչպես չաշխատեց Սամվել Կարապետյանի պարագայում այնպես էլ չի աշխատելու հետագայում շատ շատերի պարագայում»: