ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի ընտրության հարցը չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում։ Իշխանականները վստահեցրին, որ խնդիրը «տեխնիկական» է՝ եկող քառօրյային կառաջադրեն նրան, նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Սորոսի հիմնադրամի Բորդի անդամ Դավիթ Խաչատուրյանին, եւ քվեարկությունը միաժամանակ կկազմակերպեն։
ԼՀԿ-ից երեկ հայտնեցին, որ դեռ չեն քննարկել՝ ինչպես են քվեարկելու, ամենայն հավանականությամբ, ազատ կթողնեն, որպեսզի Մարուքյանի մտերիմ Ջհանգիրյանն ընտրվի ԲԴԽ անդամ։ Տեղեկացանք նաեւ, որ օրերս Ջհանգիրյանն անձամբ է խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել իրեն, եւ ԲՀԿ-ն նույնպես «ազատ» քվեարկություն կանի։ Միքայել Մելքումյանն ասաց, որ դեռ չեն քննարկել, թե ինչպես են քվեարկելու։
Նկատենք, որ Ջհանգիրյանը ԲԴԽ է գնում դատական համակարգը «կոտրելու» համար, եւ ԲՀԿ-ն, որն ամենից շատ է հայտնվում իրավապահների թիրախում, սրանով ինքն իրեն զրկում է քաղաքական հետապնդումների չենթարկվելու երաշխիքից։