Աննա Հակոբյանը և Փաշինյանների ընտանիքը չի կարող հերոսածին լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե, եթե Աշոտ Փաշինյանը պատերազմի ժամանակ զոհվեր, Աննա Հակոբյանը կհամարվեր հերոսածին մայր․
«Նա երբեք հերոս կոչվելու իրավունք չունի, նա դրանով խայտառակում է մեր հերոսածին մայրերին ու հերոս տղաներին»։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմի օրերին բեկորն Աշոտ Փաշինյանի կողքով միլիմետրերի տարբերությամբ է անցել՝ նստացույցի մասնակիցներից մեկն ասաց, որ չի հավատում նման պնդմանը, քանի որ Նիկոլ Փաշինյանին համարում է ստախոս։
«Գոնե չասի՝ տղաս կռվել է։ Հերոս տղամարդը կնոջ վրա գործ կգրի՞։ Ամոթ է, գոնե թող մեզ չխայտառակեն։ Դու ի՞նչ տղամարդ ես, որ քո Աննան գնացել է առաջնագիծ, դու՝ չէ», – ասաց նստացույցի մասնակիցներից մեկը, ինչի ի պատասխան մեկ այլ մասնակից հավելեց․
«Հերոսածինի մրցակցություն է, ով է հերոսածին, ով՝ ոչ, քեզ համար մեկ չէ՞»։