ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրեր առաջ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Azg.am-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
«Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է 2022 թվականի սեպտեմբերի 03-ին՝ ժամը 15։55-ին։
Նախնական տվյալներով՝ հիշյալ բենզալցակայանում գազաբալոնի գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով չորս քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ստացած մարմնական վնասվածքներից՝ մահացել է:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ։ Հիշյալ քաղաքացիները տուժող են ճանաչվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ծավալուն հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։
Նախաքննությունը շարունակվում է: