Արցախում նախատեսում են անցնել էներգախնայող համակարգերի կիրառմանը: Փետրվարի 22-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, խորհրդարանի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովում կայացած քննարկմանը,որի օրակարգում՝ «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեման էր
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշել է, որ թեմային առնչվող դրույթները կազմվել են՝ հաշվի առնելով պատգամավորների՝ 2021թ պետական բյուջեի նախագծի քննարկմանը հնչեցրած առաջարկները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով բաժնի պետ Լևոն Գաբրիելյանն իր զեկույցում ներկայացրել է էներգախնայողության առաջարկվող տարբերակները:Ըստ այդմ՝ մասնավորապես նախատեսվում են կիրառել լուսադիոդային LED լամպեր. լամպերի կապիտալ ներդրման նպատակն է բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին: Այս լամպերը ծախսում են 10 անգամ քիչ էլեկտրաէներգիա, օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է, էլեկտրաէներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով: Այդպիսով՝ 1 լուսադիոդային լամպը 36 ամսվա ընթացքում առնվազն տնտեսում է 24 հազար ՀՀ դրամ: Արևային տեխնոլոգիաների զարգացման նպատակով առաջարկվում է շահագործել ջրատաքացուցիչներ,որով ջրատաքացման ծախսերի կրճատումը կկազմի տարեկան մոտ 120 հազար դրամ:
Նախատեսվող՝ արևային ֆոտովոլտային վահանակների էլեկտրական համակարգը, թույլ է տալիս արտադրել հոսանք մաքուր, անվտանգ և անաղմուկ եղանակով, ինչի շնորհիվ կփոխհատուցվեն հոսանքի ծախսերը և նվազագույնի կհասնի կախվածությունը էլեկտրահամակարգից: Արևային վահանակների հետ համատեղ կիրառմամբ՝ Power backup համակարգերը (ակումուլյացիոն համակարգեր) վթարների դեպքում համայնքներում կարող են ապահովել էլեկտրաէներգիայի անխափան սնուցումը: Առաջարկվող տարբերակները հիմնականում նախատեսվում են կիրառել չգազաֆիկացված համայնքներում, իսկ ջրատաքացուցիչների ծրագիրը կիրականացվի առավելապես գյուղական համայնքներում: Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել է, որ առաջիկայում խորհրդարանականների քննարկմանը կներկայացվեն նաև նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտների խնդրահարույց թեմաներ, իսկ էներգախնայող համակարգերի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն կառավարության որոշմանը: