Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար:
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի Ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ նրանց տարիների ջանադիր գործունեությունն իր ծանրակշիռ նպաստն է ունեցել նաև 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մեջ, որը կարևոր հանգրվան էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում. «Այն հետևողական աշխատանքը, որ ՀՅԴ-ն կատարում է Սփյուռքում և հատկապես ԱՄՆ-ում ազգապահպանության ու համազգային նպատակների իրականացման ուղղությամբ, արժանի է մեծագույն հարգանքի և գնահատականի: Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք առաջնորդվել համազգային շահով և արդարությունը վերջնական հանգրվանին հասցնելու դժվարին առաքելության խորին գիտակցումով»:
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել միության հայրենանվեր և ազգանպաստ գործունեությունը. «Հավատարիմ ՀԲԸՄ հիմնադիրների ավանդին, որոնք Մեծ եղեռնի առաջին իսկ օրերին իրենց ողջ ուժն ու կարողությունն ուղղեցին կոտորածներից ու հալածանքներից փրկվածների օգնության գործին, ՀԲԸՄ-ն մշտապես թիկունք է կանգնել համազգային նպատակների իրականացմանը թե՛ Հայաստանում ու Արցախում և թե՛ ողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դուք մշտապես վառ եք պահում հայապահպանության ու հայ ինքնության կրակը, ինչը վկայում է, որ ՀԲԸՄ-ն հաստատուն է իր նպատակներում և հավատարիմ է սկզբունքներին»:
Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին ուղղված նամակներում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի՝ ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքը. «Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով, ջանքերով նպաստել են արդարության վերականգնմանը: Ամերիկայի հայկական համագումարը հրաշալի աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Երբ մենք համախմբում ենք մեր ջանքերն ու մեր տեսլականը վերածում իրական գործողությունների, արդյունքը միշտ տեսանելի է լինում»: