Ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացնում է ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել են երկու հրշեջ-փրկարար, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:05-ին, մարվել՝ 18։48-ին։ Հորանում (մոտ 200 մետր երկարությամբ հատվածում) այրվել են 6000 Վոլտ հզորության մալուխներ։