«Հրապարակ» թերթը գրում է. «Ավետիք Չալաբյանը 2006 թվականից զբաղվում է ակտիվ հանրային գործունեությամբ, «Արար» եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիրն է, որոնք ծրագրեր են իրականացնում Արցախում, ընդ որում` նաեւ պաշտպանական բնագավառում: Նա McKinsey & Company խորհրդատվական հայտնի ընկերության նախկին ավագ տնօրենն է: Ավարտել է ԵՊՀ-ն՝ «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ, այնուհետեւ գործարար կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: 2015-2020թթ․ ղեկավարել է McKinsey & Company ընկերության միջազգային մետալուրգիական պրակտիկան:
Այս ընկերությունը, որը ստեղծվել է 1926թ., համարվում է աշխարհի ամենահեղինակավոր բիզնես կառավարման խորհրդատվական ընկերությունը, որի հաճախորդների թվում են աշխարհի խոշորագույն ընկերությունների 80%-ը, մեծ թվով կառավարություններ եւ հասարակական կազմակերպություններ։ Այս կազմակերպությունում աշխատելու, մանավանդ տնօրեն լինելու համար լուրջ գիտելիքներ են հարկավոր, եւ Հայաստանում նման պաշար քչերն ունեն: Այս իշխանությունը, փոխանակ օգտագործի նրա փորձն ու գիտելիքները, փորձում է վարկաբեկել, ինչպես վարկաբեկում է ազգային հերոսներին, գեներալներին, նախկին նախագահներին:
Երեկ McKinsey & Company ընկերության տնօրենները Չալաբյանի ձերբակալությունից խիստ անհանգստացել էին, եւ նրանցից մեկը տագնապած զանգահարել էր Երեւան` պարզելու, թե ինչ է պատահել Ավետիքի հետ: Ժամանակին Յուրի Խաչատուրովին ձերբակալելով՝ ՀՀ իշխանությունը փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ, հիմա էլ միջազգային հեղինակավոր կազմակերպության նախկին տնօրենին ձերբակալելով՝ բարբարոս երկրի ու քաղաքական հետապնդումներ իրականացնող իշխանությունների իր համբավն է ամրապնդում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում