Տավուշի մարզի փոքր գյուղերի բնակիչները մեծ, չփարատված մտահոգություններ ունեն, որ հաջորդ՝ 2026-2027 ուսումնական տարում իրենց գյուղերի հանրակրթական դպրոցները կփակվեն, և այդ գյուղերի աշակերտներն ամեն օր ստիպված կլինեն այլ բնակավայրի ուսումնական հաստատություն հաճախել. ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա ներկայացրել է տվյալներ՝ Տավուշի տարբեր դպրոցներից.
Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ 2025-2026 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը 15 468 է։ Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից այս ուսումնական տարում 1-ին դասարան չունի Աճարկուտի հիմնական դպրոցը, 12-րդ դասարան չունեն Չինչինի և Բարեկամավանի միջնակարգ դպրոցները:
Մարզի հանրակրթական դպրոցներից երկկոմպլեկտ դասարաններ են առկա Աղավնավանքի միջնակարգ, Գոշի և Դեղձավանի հիմնական դպրոցներում։ Դա այն է, երբ տարբեր դասարանների աշակերտները նույն առարկայի դասերը միասին են անում։ Տավուշի 76 հանրակրթական դպրոցների ավելի քան մեկ երրորդը՝ 28 դպրոց, ունեն 100-ից պակաս թվով աշակերտներ։ Աճարկուտ գյուղի հիմնական դպրոցն ունի ընդամենը 13 աշակերտ, Բարեկամավանի միջնակարգ դպրոցը՝ 15, Լուսահովտի հիմնական դպրոցը՝ 28, Իծաքարի հիմնական դպրոցը՝ 29, Գոշի հիմնական դպրոցը՝ 34, Կիրանցի հիմնական դպրոցը՝ 37 ,Աղավնավանքի միջնակարգ դպրոցը՝ 37, Չինչինի միջնակարգ դպրոցը՝ 41, Խաչարձանի միջնակարգ դպրոցը՝ 49 , Վարագավանի միջնակարգ դպրոցը՝ 50, Դեղձավանի հիմնական դպրոցը՝ 50, Լուսաձորի հիմնական դպրոցը՝ 51, Ջուջևանի միջնակարգ դպրոցը՝ 53,Դովեղի միջնակարգ դպրոցը՝ 57, Հովքի միջնակարգ դպրոցը՝ 60 աշակերտ։
Այս ուսումնական տարին սկսվելուց առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել` նախատեսվո՞ւմ է աշակերտների քիչ քանակ ունեցող Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները լուծարել, մասնավորապես Աճարկուտի, Բարեկամավանի, Իծաքարի․ Լուսահովտի դպրոցները 2025,2026թվականներին փակվելո՞ւ են։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «2025-2026 ուստարում դպրոցների միավորում նախատեսված չէ»: Նույն հարցը ուղղել էի նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետի աշխատակազմի հայտնել են․ « Այս պահի դրությամբ ոչ մի փակված դպրոց չունենք, ձեր նշած դպրոցները կփակվեն միայն ուսուցիչների և ծնողների համաձայնությամբ»:
Իսկ հաջոդ տարի եթե փոքր գյուղերի աշակերտների ծնողները և դպրոցների ուսուցիչները համաձայն չլինեն իրենց բնակավայրերի հանրակրթական դպրոցների փակմանը, դրանք փակվելո՞ւ են։





