Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլին փոխարինի էլ ավելի Նիկոլ

«4 տարի առաջ այս ստախոսները հայ մարդուն խոստացան արդարություն, սակայն տվեցին պատերազմ, զոհեր, պարտություն։ Սրանք լվացել են բոլոր թալանչիների գլուխները, գերազանցել են բոլոր թալանչիներին։ Այսպիսի պատկեր է լինում, երբ իշխանության են գալիս պրոֆեսիոնալ խաբեբաները»,- Ֆրանսիայի հրապարակում, Միասնության հանրահավաքին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

2018 թվականին Փաշինյանը պոպուլիստաբար ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հիմա էլ ասում է՝ Սյունիքը Հայաստան է և վերջ։ Ես նրա այդ խոսքերից գիշերը չեմ կարողանում քնել, որովհետև նրա բերանից հնչածը հակառակ իմաստով է, որը չի կարելի թույլ տալ»,-նշեց Անդրանիկ Թևանյանը։

Նրա պատկերացմամբ՝ Փաշինյանը պլանավորել է մի օր էլ ասել՝ Երևանը Հայաստան է և վերջ։ Բայց դա պլանավորում է անել Փարիզի կամ Վաշինգտոնի իր թաքստոցից։

Թևանյանը նկատեց՝ նման բան չի կարելի թույլ տալ։ Նա թեզեր է առաջարկում, որոնցից է՝ բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ է, բայց միակ բավարար պայմանը չէ։ Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլին փոխարինի էլ ավելի Նիկոլ։

Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափը և Արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր։ Դա միջազգային արկածախնդրություն է և միայն կորուստներ կբերի մեզ։

Անդրանիկ Թևանյանի առաջարկած հաջորդ թեզը՝ հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափը պետք է լինի միայն Երևան-Բաքու-Մոսկվա եռանկյունու մեջ։ Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը։

Հայաստանը պետք է շունչ քաշելու ժամանակ ունենա, մենք պետք է բանակցենք, ամեն ձևակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերացնենք հասարակական թշնամության մթնոլորտը։

Լարվածության թուլացման ու խաղաղության համար պետք է բացվեն կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը։ Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով՝ Ռուսաստանի միջնորդությամբ՝ այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Թևանյանի հաջորդ թեզը՝ առանց Արցախի, Հայաստանի գոյությունը հարցականի տակ է, պետք է մեծածավալ ծրագրեր իրականացվեն, որպեսզի Արցախը չհայաթափվի։