Բնականաբար մտահոգիչ է, դատապարտելի է, բայց մյուս կողմից անակնկալ չկա, այն, ինչ որ դատախազությունը պահանջել է, նույնը դատարանը բավարարել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ցմահ ազատազրկման որոշումներին, որոնք կայացվեցին այսօր։
«Անկեղծ ասած ուրիշ բան չէր սպասվում, ուղղակի հարցն այն է, թե հաջորդ քայլերը որոնք են լինելու։ Նկատի ունեմ նախ կբողոքարկեն, թե չէ հայերը, երկրորդը, Ադրբեջանի իշխանությունները հիմա արդյոք նախատեսո՞ւմ են օրինակ ներումով կամ համաներումով ազատ արձակել մի մասին։ Իրենք սովորաբար ազատ են արձակում շինծու դատավարություն անցած, արդեն չակերտավոր ասած պատիժը կրող հայերին և չի բացառվում, որ սա կապ ունի նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի հետ, առնվազն մի մասի պարագայում։
Այսինքն ժամկետային առումով համընկնություն կա, թե մյուս կողմից սպասելի էր, որ հենց այս շաբաթներին պետք է այդ դատավճիռը լիներ, գործընթացը այդ ուղղությամբ էր գնում»,–ասաց նա։
Հարցին՝ այս պարագայում ի՞նչ եք ակնկալում Հայաստանի իշխանություններից, Արտակ Բեգլարյանը պատասխանեց. «Հայաստանի իշխանություններից վաղուց շատ բան եմ ակնկալում։ Այսինքն չպետք է սրան հասներ, իսկ եթե արդեն հասել է, պետք է առավելագույնը անել, որպեսզի գերիները օր առաջ ազատ արձակվեն։ Դրա հիմքերը վաղուց առկա են, ուղղակի պետք է պատշաճ դիվանագիտություն վարել»,–ասաց նա։
Նշենք, որ Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Ղարաբաղի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերի քննությունը:
Դատարանը Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, տարիքով պայմանավորված, դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:








