«Որոնողական աշխատանքների ավարտի մասին ժամկետներ նշելը ճիշտ չի լինի, քանի որ եռահարկ շենքից կախված յուրաքանչյուր երկաթբետոնե կոնստրուկցիա հեռացնելու համար երկար ժամանակ է պահանջվում»,- «Սուրմալու» առևտրի կետրնում՝ պայթյունի վայրում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը։
«Քանի որ անհետ կորած քաղաքացին եղել է պայթյունի էպիկենտրոնում, իսկ պայթյունից հետո բարձր ջերմաստիճանով հրդեհ է բռնկվել, մեզ համար շատ բարդ է լինելու։ Որպեսզի մենք կարողանանք այս պայմաններում աշխատել, օգտագործում ենք բարդ տեխնիկա։ Նախ մենք պետք է ապահովենք մեր փրկարարաների անվտանգությունը։ Վտանգն այս եռահարկ շինության պարագայում միշտ կա, որովհետեւ այն վթարային իրավիճակում է եւ ցանկացած պահի կարող է փլուզվել»,- հավելել է նա։
Գասպարյանը տեղեկացրել է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ շենքի վերեւի հարկերում եւս եղել են հրավառ նյութեր, եղել է պահեստ։ Մնացած հարցերի պատասխանը կտա նախաքննությունը։