Գեղարդ հիմնադրամը հայտնում է. Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով հակահայկական տրամադրություններ գրգռել․ «Հայաստանն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս Երևանում գտնվող ադրբեջանական մզկիթի նկատմամբ՝ զբոսաշրջիկներին սպիրտային խմիչքներ առաջարկելով»։
Այս ամբողջ աղմուկն ուղեկցվում է Երևան քաղաքի և Կոնդ թաղամասի ադրբեջանական լինելու կեղծ պնդումներով։
Վառ երևակայություն է պետք ունենալ այդ և Երևանում նախկինում եղած մզկիթներն ադրբեջանական անվանելու համար։ Մյուս կողմից՝ դա ամբողջությամբ տեղավորվում է պատմական, կրոնական, մշակութային արժեքներն ու շինությունները յուրացնելու ադրբեջանական պետական քաղաքականության և Հայաստանի հանդեպ ապօրինի պահանջներ ներկայացնելու ռազմավարության մեջ։
Թափաբաշի և մի շարք այլ մզկիթներ կառուցվել են, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր․ դրանք շիայական, պարսկական մզկիթներ են և որևէ կապ չունեն ադրբեջանական մշակույթի հետ։
Մզկիթի վերաբերյալ շատ տեղեկություններ չկան։ 2022 թվականին հրատարակված «Երևանի քաղաքաշինության առանձնահատկությունները պարսկական տիրապետության շրջանում» հոդվածում Թափաբաշի մզկիթի վերաբերյալ նշված է․ «Կոնդի (Թափաբաշի) մզկիթը հիմնվել է 1687 թվականին, Երևանում, մասնակի պահպանվածներից է, այժմ օգտագործվում է որպես բնակելի տուն։ Հայտնի է նաև Աբաս Ղուլի խանի մզկիթ անունով։ Կոնդի մզկիթն ունեցել է երկու գմբեթ՝ մեծ ու փոքր։ Ունեցել է շքաղյուսներով երեսպատում` ռոմբաձև զարդապատկերներով: Մզկիթն ամբողջությամբ աղյուսաշեն էր:»։
Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներից մեկում ևս անդրադարձ կա մզկիթին, որտեղ այն չի նշվում որպես ադրբեջանական։ Ադրբեջանցի չի հիշատակվում նաև Աբաս Ղուլի խանը։
Ադրբեջանական իշխանությունների քարոզչական գործիքակազմում լայնորեն օգտագործվում են հայելային մեղադրանքներն ու գործողությունները։
Հայկական կողմը, նաև միջազգային լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները բազմաթիվ ապացույցներն են ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանն Արցախում ոչնչացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը կամ բռնայուրացնում այն՝ անվանելով աղվանական և ադրբեջանական։ Վերջին տարիներին Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամ, Բերձորի Սուրբ Համբարձման և այլ եկեղեցիներ, ոչնչացրել է գերեզմանոցներ։ Ադրբեջանական վանդալիզմի ամենացայտուն օրինակներից է հայկական խաչքարադաշտի ոչնչացումը Նախիջևանում։ Այս և այլ հարցերով հայկական կողմը բազմիցս դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային այլ կառույցների։
Ադրբեջանը հաճախ կեղծ մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանի դեմ։ Կոնդի մզկիթի վերաբերյալ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարության մեջ նշվում է․ «․․․ հայկական կողմից ադրբեջանական մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի խախտում է՝ ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան որոշումները․․․։ Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային կազմակերպություններին հրատապ քայլեր ձեռնարկել, ճնշում գործադրել Հայաստանի վրա․․․»։
Ամերիկացի գիտնական, իրավագետ Քենեթ Մարկուսն իր աշխատանքներից մեկում քննարկում է «հայելային մեղադրանք» եզրույթը։ Մարկուսը նշում է․ «հայելային մեղադրանքի հիմնական միտքը շատ պարզ է՝ պրոպագանդիստները թշնամուն վերագրում են այն, ինչ իրենք են պատրաստվում անել»։ Այն հռետորական տեխնիկա է, որով կողմերից մեկը մյուսին կեղծ մեղադրանքներ է ներկայացնում այն ամենի մեջ, ինչ ինքը պատրաստվում է անել։ Քենեթ Մարկուսը նշում է․ «ապացուցված է, որ հայելային մեղադրանքը ցեղասպանություն նախաձեռնողների ձեռքում առանցքային մեխանիզմներից մեկն է ցեղասպանություն իրականացնելու գործում»։
Ադրբեջանը «հայելային մեղադրանքը» կիրառել է պատերազմ սկսելու, Արցախը հայաթափելու, մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար։ Բաքուն հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը քողարկելու համար սկսում է աղաղակել ու մեղադրել Հայաստանին՝ ադրբեջանական մտացածին օբյեկտներ ոչնչացնելու մեջ։
Հայկական կողմին ադրբեջանական մզկիթ ոչնչացնելու մեջ մեղադրող Բաքուն շատ հաճախ հոգատար վերաբերմունք չի դրսևորում իր տարածքում գտնվող մզկիթների նկատմամբ։ «Գեղարդ» հիմնադրամն անդրադարձել է այս թեմային։ Վերջին տասնամյակների ընթացքում այդ երկրում, տարբեր պատճառաբանություններով, փակվել են բազմաթիվ մզկիթներ, ինչպես օրինակ՝ «Ջումա», «Աբու Բաքր», «Շեհիդլեր», «Լեզգիական», «Ահլ-ալ Սուննի» և այլն։ Քանդել են նաև մի շարք մզկիթներ, այդ թվում՝ Կասպից ծովի ափին՝ «Նավթային քարեր» կոչվող վայրում, Լերիքի շրջանի Փաշթաթյուք գյուղի մզկիթը: 2017 թվականին Ադրբեջանում հասարակական լայն դժգոհություն էր առաջացրել «Հաջը Ջավադ» մզկիթը քանդելու որոշումը: Հասարակական դժգոհությանն ու դիմադրությանը չարժանանալու համար մզկիթը քանդել են գիշերով: Սրան զուգահեռ՝ մի շարք մզկիթներ էլ պարզապես անտերության են մատնված։ Օրինակ՝ Ապշերոնի շրջանի Գորադիլ գյուղի մզկիթն արտաքինից ոչնչով նման չէ մզկիթի, իսկ ներսում չվերանորոգված ու բարձիթողի վիճակ է:
Որոշ մզկիթներ պարզապես փլուզման եզրին են կամ, չգործելու արդյունքում, տարբեր կիրառություններ են ստացել: Օրինակ՝ Նովխանայի «Շահ սուլթան Հուսեյն» մզկիթը կիսավեր վիճակում է: Այն դարձել է թմրամոլների հավաքատեղի: Իսկ մզկիթի շրջակայքի մի մասը վերածվել է աղբավայրի, մյուս մասում էլ կենդանիներ են արածում:
Ամփոփման փոխարեն՝
Այս օրերին, երբ Ադրբեջանում անհիմն աղմուկ են բարձրացրել, պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն Արցախի Հադրութի շրջանում ոչնչացրել են Մարիամաձոր գյուղը, որտեղ գտնվում է Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թվական)։