Ո՞վ է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության պատասխանատուն, երկրորդը, եթե նույնիսկ որոշեցինք որ այսինչը կամ այնինչ մարմինն է կամ անձն է, ինչպես է նա կրում այդ պատասխանատվությունը։ Ընդհանրապես դատական և արդարադատության համակարգի լեգիտիմությունը որտեղի՞ց է բխում, որտեղից է որոշվել, որ այս ինստիտուտը կամ մարդկանց այս շրջանակը կարող է իրականացնել արդարադատություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 12–ին, «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանրապետության նախագահի ելույթի մեջ խոսեց սահմանադրության և սահմանադրության իրականացման մասին, որովհետև ենթադրվում է, որ Հայաստանում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի, այդ ժողովուրդն է և հաջորդ աղբյուրը Սահմանադրությունն է և հաջորդը Սահմանադրությունից բխող իրավակարգը։
Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի և Սահմանադրության արանքում խզում կա, չի ստացվո՞ւմ արդյոք, որ Հայաստանում հաստատված ընդհանրապես իրավակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի։
Ես մտածում եմ, որ ընդհանրապես պետությունը իրավունքներ և ազատություններ ապահովելու համար պետք է գնա սահմանափակումների, որովհետև առանց սահմանափակելու հնարավոր չէ ապահովել ազատություն, դա կվերածվի քաոսի։
Մյուս կողմից սահմանափակումը ինքը լարում է առաջացնում մարդու և պետության միջև, որովհետեւ ոչ մեկին հաճելի չի, որ իր նկատմամբ հարկադրանքի միջոց են ձեռնարկում, իրեն տուգանում են, իրեն դատում են, ասում են՝ կարմիր լույսի տակ կկանգնես, այստեղով փողոցի չանցնես, պետք է հարկ վճարես։ Մարդը ասում է՝ աշխատել եմ, ինչի՞ պիտի 1000 դրամի 200 դրամը տամ բյուջեին։ Այս լարումը կառավարելու միակ ձևը այն է, երբ քաղաքացին համարի, որ դա ինքն է որոշել, որ այս անոններով ապրի։
Ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի, ժողովուրդը պետք է իրավակարգի փաստացի լեգիտիմությունը ճանաչի։
Իմ կարծիքով, մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, որովհետև ընտրույթունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ և այսօր էլ կասկածի տակ են։ Քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք այդպես էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե չունի արդարության և արդարադատության զգացում. «Իմ եզրակացությունն այն է, որ մենք իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք։ Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում ա, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով է որոշել, որ էդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի»,-ասաց Փաշինյանը։




