«Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատև և թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգը բավականին հագեցած է լինելու:
Մասնավորապես, վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 40 հարց՝ բացասական եզրակացություն ստացած, կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած 22 հարց, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած 8 հարց:
Այսինքն՝ ընդհանուր առմամբ 70 hարց է ներառվել օրակարգում։ Իհարկե, ոչ բոլոր նախագծերը կհասցնեն քննարկել խորհրդարանականները, սակայն կան հարցեր, որոնք պարտադիր քննարկման են ենթակա և անհետաձգելի են:
Նախագծերի այսպիսի առատությունը հազվադեպ է, քանի որ դեպքեր են եղել, երբ ԱԺ օրակարգային քննարկվելիք հարցերն այնքան քիչ են եղել, որ նստաշրջանը մեկուկես օր է տևել: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 8-ին գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված էր 27 հարց, իսկ, օրինակ, հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 42 հարց էր: Նշենք նաև, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 43 հարց էր ներառված, այսինքն՝ կրկին ավելի պակաս»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: