Բագրատ Սրբազանի կեցավայրում շարունակվում է ԱԱԾ-ի խուզարկությունը։ Տունը շրջապատված է ոստիկաններով, դիմակավորված ծառայողներով։ Նրանք թույլ չեն տալիս ԱԺ պատգամավորներին ներս մտնել։
Խուզարկվում է նաև «Սրբազան շարժման» ակտիվիստ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի բնակարանը։
Քիչ առաջ Բագրատ Սրբազանը դուրս եկավ պատշգամբ, կատակով ասաց՝ ահաբեկչություն եմ արել։ Նրա հետ էր նաև փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» խմբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը վաղ առավոտից ընդդիմության ներկայացուցիչների բնակարաններում սկսված խուզարկություններին արձագանքել է այսպես.
«Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները:
Ես չեմ հավատում, որ խուզարկության թույլտվությունը տվել է ՀՀ դատարանը, ես չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է եւ ես չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է…
Չեմ հավատում ու համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է, Ադրբեջանի քննիչն ու Ադրբեջանի դատախազությունն է: Ես չեմ հավատում, որ որեւէ հայ կաներ այն, ինչ հիմա արվում է…
Կներեք, որ չեմ հավատում»:
Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժման մամլո խոսնակ Լիդիա Մանթաշյանին իրավապահները տարել են Քննչական Կոմիտե։