Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում
Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան շուրջ 20 մլրդ դրամ ավելցուկային դրամական միջոցներ կուտակել: Ս.թ. օգոստոս ամսվա դրությամբ այդ ավելցուկը, աղբյուրներիս համաձայն, հասնում է 40 մլրդ դրամի: Ակնհայտ է, որ այդ միջոցները կարող են հիմք ծառայել երկրում գազի սակագնի իջեցման համար:
Սակայն իշխանությունները որոշել են գնալ այլ ճանապարհով:
2024 թ.-ին որոշում է կայացվում չիջեցնել գազի սակագները, իսկ նշված կուտակված միջոցներն ուղղվում են Երևանում գազի նոր ենթակառուցվածքների շինարարությանը, մինչդեռ դա պետք է իրականացվեր նոր բաժանորդների միացման վճարների հաշվին: Այդ վճարները, բնականաբար, շարունակվում են կուտակվել, իսկ 2024 թ.-ի հուլիսին ՀԾԿՀ-ն որոշում է կայացնում այդ գումարների մի մասն ուղղել Կիրանցում նոր գազատարի շինարարությանը՝ խդիր, որը ևս չի լուծվում:
Եվ ահա 2024 թ. դեկտեմբերի որոշմամբ ՀԾԿՀ-ն այդ կուտակված գումարից շուրջ 13 մլրդ դրամ ուղղում է էլեկտրաէներգիայի սակագնի դեֆիցիտի փակմանը: Նույն որոշմամբ ՋԷԿ-երի համար գազի սակագինը սահմանվում է անտրամաբանական ցածր՝ 46 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց, մնացած տարբերությունն էլ սուբսիդավորվում է վերոնշյալ գումարից:
Հարց է առաջանում՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է ձևավորվել սակագնային այդ դեֆիցիտը:
Խնդիրը արտաքին էներգետիկ քաղաքականության տիրույթում է: 2024 թ.-ին Հայաստանը Իրանից ներկրել է պայմանագրով նախատեսվածից ավելի քիչ գազ, ինչի հետևանքով 2025 թ.-ի սակագնում առաջացել է 13 մլրդ ՀՀ դրամի ճեղքվածք: Եվ, ինչպես մնացած բոլոր դեպքերում, խնդրի մասին ուղիղ խոսելու ու դրան լուծումներ փնտրելու փոխարեն, իշխանությունները կոծկում են այս իրավիճակը՝ նախընտրելով գնալ տնտեսական հաշվարկից զուրկ՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման ճանապարհով:
Իրավիճակն էլ ավելի է բարդանում էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի գործող կանոնների շնորհիվ: Մասնավորապես, ազատականացման արդյունքում շուկա մուտք գործած սպառողները ավելի քիչ են վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, քան նախկինում, իսկ շուկա մուտք գործած արտադրողները ավելի թանկ են վաճառում իրենց էլեկտրաէներգիան: Այս իրավիճակն իսկապես աբսուրդային է, սակայն հենց դրա արդյունքում ձևավորված տարբերությունը փաստացի հատուցվում է շարքային սպառողների կողմից, այսինքն՝ 1,1 մլն սպառող ավելի թանկ է վճարում, որպեսզի մոտ 300 սպառող օգտվի էժան էլեկտրաէներգիայից:
Բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ շուկայի ազատականացումը էներգետիկ անվտանգության ուղիղ ռիսկ է Հայաստանի համար: Բերված տվյալները ՛՛գետնի վրա՛՛ են դա ապացուցում:
Ստեղծված իրավիճակում ակնհայտ է դառնում, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների զսպումը կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Հավանաբար, նույն սխեմաների կիրառմամբ դրանք կպահպանվեն նաև եկող տարի, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով սպասվող ընտրական գործընթացները: Սակայն արհեստականորեն սակագների պահպանումը չի կարող երկարաժամկետ բնույթ կրել:
՛՛Սակագնային փուչիկը՛՛ վաղ թե ուշ պայթելու է՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական ռիսկերի:
Ի դեպ, ցանկալի կլիներ լսել նաև ՛՛ՀԷՑ՛՛-ի նախկին ղեկավարության դիրքորոշումն այս ամենի վերաբերյալ: Խնդիրը, ինչպես տեսնում ենք, նոր չէ և հասցրել է վերածվել սակագնային քաղաքականության իրականացման կարևոր գործիքի: Ինքս եբրևէ չեմ լսել, որ ՛՛ՀԷՑ՛՛-ը որևէ ձևաչափով բարձրացներ այս խնդիրը, որը ակնհայտորեն խոչընդոտներ պետք է առաջացներ նաև ընկերության համար:
Վահե Դավթյան, էներգետիկ անվտանգության փորձագետ