Այսօր՝ հունիսի 5-ին, Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով նախնական դատական լսումների ժամանակ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը ասել է.
«Ես Աշոտի հետ անձնական խնդիր չունեմ, բայց այս ամեն ինչը եղել է նրա հոր կառավարման օրոք, դրա համար էլ ես իրեն ասել եմ՝ գնանք «Եռաբլուր»։ Ինքը զոռով չի նստել մեքենան, այլ իր ոտքով։ Ես ուզել եմ իր հետ գնալ «Եռաբլուր», «Եռաբլուրը» իմ սրբավայրն է, ու այնտեղ չէր կարող թատրոն լինել։ Եթե ես, իրոք, վատ միտք ունենայի, «Եռաբլուրի» անուն չէի տա։ Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր՝ նույնիսկ Աշոտի մորը։ Մենք ապրում ենք «Եռաբլուրում», այնտեղից պետք չէ վախենալ, այն աղոթատեղի է, իսկ առեւանգման համար առավել հարմար վայրեր կան։ Ես ինքս ինձ այլ բան չէի կարող թույլ տալ բարոյապես»։