Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում, շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին, կմեկնարկեն ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող՝ Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխումհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված բնակիչների համար նախատեսված նոր բնակավայրի կառուցման աշխատանքները:Այս մասին Ազգային ժողովի նիստում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
«Ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ համայնքների բնակիչներ՝ նոր բնակավայրերում համատեղ ապրելու ցանկություն են հայտնել: Կառուցվելիք նոր բնակավայրերի անվան ընտրությունը նրանց նախապատվությամբ է լինելու: Այն համայնքները, որոնք ավելի կազմակերպված են համատեղ բնակեցվելու նախաձեռնություն են ցուցաբերում: Մի շարք գյուղախմբեր՝ և Հադրութի, և Ասկերանի շրջաններից, որոշել են՝ համատեղ վերաբնակվել:Բնակարանաշինական ծրագրերի իրագործումը՝ նրանց համար նախատեսվում է համատեղությամբ: Այդպիսի ցանկություն են հայտնել մասնավորապես՝ Հադրութի շրջանի Մոխրենես, Հակակու, Թաղուտ գյուղերից տեղահանված բնակիչները: Նման համայնքները՝ որպես իրավական կազմակերպման ձև, պահպանվելու են»,-նշեց Խանումյանը: