Նիկոլ Փաշինյանի՝ իրական Հայաստանի գաղափարախոսության նպատակը պարտությունից հետո իշխանության մնալու նպատակին համար է։ Դժբախտաբար, հայկական դիվանագիտության գործիքակազմում այսօր քիչ է, ավելի ճիշտ՝ ոչինչ չկա պարտության հետևանքներին վերջ տալու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, դասախոս, «Արմենիա» թերթի խմբագրիր, արգենտինահայ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
«Իր հետևողական ընկրկումները Ադրբեջանի ճնշումների ներքո ու անկարողությունը՝ սահմանափակելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը կամ Ադրբեջանի հայաջինջ քաղաքականությանը, հանգեցրել է նրան, որ հիմա Փաշինյանը ջանում է երկրորդ ճակատ բացել և ավելի արմատականացնել՝ բանաձևելու ինչ-որ «իրական Հայաստան», որը փորձ է հիմնականում Հայաստանի ժողովրդին կամ իր ընտրազանգվածին պատրաստելու, որ ինչ էլ լինի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ճանատագիրը, նրանք իրենց մտքում ունենան, որ հանձնվելիք հողերից, սահմանազատում- սահմանագծումից այն կողմ ավելի մեծ նպատակ կա, ու դա նոր հայ մարդն է, որ առաջ է գալու իրական Հայաստանում»,- նշել է արգենտինահայ գործիչը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի ընդունել այդ գաղափարախոսությունը, թե ոչ։
«Մեզ համար առավել անընդունելի է, երբ նա գալիս է Սփյուռք ու նախատում, քննադատում է Սփյուռքին, նրա կարողությունը։ Մեկ բան հստակ է, որ Սփյուռքը ծնվել է հենց իր ինքնությունը պահպանելու նպատակով ու ինքնությունը զարգացնելով՝ քաղաքականացրեց այդ Սփյուռքը։ Ցեղասպանություն վերապրածները, որ սկսեցին կառուցել Սփյուռքը, հիմնեցին դպրոցներ, եկեղեցիներ, հավաքատեղիներ, որոնց նպատակը հենց ինքնության պահպանությունն էր, հետո եկավ սերունդ, որ սկսեց զարգացնել այդ ինքնությունը՝ ստեղծելով սփյուռքահայ գրականություն, այնուհետև, եկավ 1960-87 թթ-ի երրորդ սերունդը, որը Սփյուռքը քաղաքականացրեց, ու այդ քաղաքականացումը դրսևորվեց մոռացված Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգ բերելով։ Այս ամենը, եթե ինքնության կառուցման հարց չէ, ապա ի՞նչ է»,- նշեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը։
Միջազգայնագետի գնահատմամբ՝ այս իրավիճակում հենց Սփյուռքի կառույցները պետք է ընդվզեն ու հրաժարվեն Փաշինյանի հետ հանդիպումներից։
«Պետք է չգնան, դիմացը չնստեն ու չլսեն, թե ինչ օրակարգ է թելադրում Փաշինյանը, փոխարենը, ինքը Սփյուռքը պետք է օրակարգ ձևավորի ու թելադրի, մի բան, որ երբեք չեղավ։ Սփյուռքը չկարողացավ ներկայացնել անկախությունից հետո այն առաջնահերթությունները, որոնք ունի։ Սփյուռքը պետք է վերաթարմացներ համաշխարհային ցանցը, որ զորաշարժի ենթարկեր այն համաշխահային կարողականությունը, որն ուներ, ինչպես ցույց տվեց 1965-ին։ Անկախությունից հետո դա, ցավոք, չեղավ։ Արդյունքում, վերջին հանդիպումները համայնքներում, որոնք ընտրովի մարդկանց հետ են ու նրանց փոխանցած պատգամները լուրջ խռովություն ու հակազդեցություն առաջացրեց։ Ես կարծում եմ, որ Սփյուռքում կան դիմադրության սերմեր, բայց այդ դիմադրությունը պետք է համակարգված լինի, որովհետև դժբախտաբար անկախությունից հետո Սփյուռքը չունի Հայաստանի ներքին գործերին մասնակցության քվե, ձայն։ Նույնիսկ Հայաստանում քաղաքացիություն ունեցողները նման կարողություն չունեն, որևէ կերպ մասնակցելու և մեր ձայնը Հայաստանում լսելի դարձնելու համար»,- նշել է գործիչը։
Նրա գնահատմամբ՝ Սփյուռքը իր օրակարգը պետք է ունենա։ Սփյուռքի բազմազանությունն ինքնին մեծ հարստություն է, բայց այդ բազմազանությունը չի նշանակում, որ չի կարող լինել Սփյուռքի մասին ընդհանրական պատկերացում։
Դիտարկմանը, թե արդյոք այն, որ Սփյուռքի հանդիպումներին այլևս կառույցների ներկայացուցիչները ներկա չեն լինում եւ Փաշինյանը հանդիպում է միայն հատուկենտ անհատների հետ՝ արդեն դիմադրություն չէ՝ Տեր –Ղուկասյանը նշեց, որ սրանք հատուկենտ դեպքեր են։
«Ես խոսում եմ այն մասին, որ Սփյուռքը պետք է իր օրակարգը դնի ու այնպես դնի, որ ոչ մի հայաստանցի իշխանավոր երբևէ չգա ու չասի, թե Սփյուռքն ինչ պետք է անի։ Այն, ինչ հիմա Նիկո Փաշինյանը նախաձեռնել է՝ սինանյանական ծրագիր է, այսինքն, իր պատկերացումով Սփյուռք գոյություն չունի՝ որպես կառույց։ Դրա համար էլ նա լուծարեց Սփյուռքի նախարարությունը, որի միջոցով նվազագույն հաղորդակցություն կար։ Սփյուռքի իրենց պատկերացումը անհատների հանրագումարն է, ընդ որում՝ այնպիսի անհատների, ովքեր ընդունում են այն ամենն, ինչ Փաշինյանն ասում է, նրանց մեջ կան թավշյա մտավորականներ, որոնք աջակցում էին հեղափոխությանը, կան այնպիսիք, որ շահ ունեն իրենց հետ լինելու համար։
Իսկ մյուս՝ իրական Սփյուռքը, որը վերաթարմացման կարիք ունի, նա քանդել է ուզում ու մի կողմ թողնել։ Փոխանակ, մտածելու, որ Հայաստանի նման փոքր երկրի համար ելք պիտի լինի դեպի աշխարհ ու ելքի համար Սփյուռքի հետ սերտ համագործակցություն ստեղծելն է լավագույն ճանապարհը։ Բայց այդ մեկը չեն ուզում անել։ Ավելին, 2020թ-ից հետո առհասարակ շատ սխեմատիկ կերպով Սփյուռքը մի կողմ թողնելու, չեզոքացնելու, անտեսելու քաղաքականություն է վարվում։ Բացարձակ չկա գիտակցումը, թե որքան կարևոր է Սփյուռք ունենալը, որպես ռազմավարական գործոն»,-ընդգծեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը։