Ճանապարհային ցանցի ծրագիրն այս տարի ավարտվում է. Կառավարության նիստին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ընդհանուր առմամբ առաջարկվում է երեք ծրագրերի համար միջծրագրային վերաբաշխում իրականացնել եւ մեր նախարարությանը տրամադրել 1 մլրդ 235 մլն դրամ: 595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը Թալին-Լանջիկ ծրագրի համար է»,- նշեց նախարարը:
Հանրապետությունում շատ ճանապարհներ այս պահին վերանորոգվում են։
«Մասնավորապես, Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց ճանապարհի 17.8 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է։ Նորավանն արդեն ասֆալտապատել ենք, և մեր խնդիրը մնում է Շամբ-Լծեն հատվածը, որտեղ 6 կմ ունենք նորոգելու։ Եթե սա էլ կարողանանք ասֆալտապատել, կստացվի, որ ձմռանը կկարողանանք ճանապարհն օգտագործել։ Բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասաց Սանոսյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ բոլորը հասկանում են այդ ճանապարհի նշանակությունը և պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռատարները կարողանան այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն` Տաթևի ոլորանները շրջանցեն: