Հայաստանում շահումով խաղեր ու վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները ներկայացրել են 2019 և 2020 թվականների իրենց ֆինանսական հաշվետվությունները, որոնք հրապարակվել են պաշտոնական հայտարարությունների կայքում։
Ըստ այդ տեղեկատվության 2020թ–ին Հայաստանում շահումով խաղերով ավելի քիչ խաղադրույքներ են կատարվել ու համապատասխանաբար ավելի քիչ էլ շահել են։
Ընդ որում խաղադրույքների քանակով առաջին տեղում «Վիվառո Գրուպ» ընկերությունն է, երկրորդը «Վիվառո Բեթինգը» (VivaroBet), երրորդը «Դիջիգեյմը» (TotoGaming)։ Չորրորդ տեղում «Գուդվին-Բետ» (GoodWin) ընկերությունն է։ Ի դեպ, այս ընկերության գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս 2020–ին 2019-ի համեմատ ընկերության շահույթը ոչ միայն նվազել է մի քանի միլիարդ դրամով, այլ ընկերությունն անցյալ տարի նույնիսկ վնասով է աշխատել։
Հետաքրքրական է, որ ամենացածրը «Սաբարկո» (Adjarabet) ընկերության խաղադրույքներն են եղել։ Եթե մյուս ընկերությունների խաղադրույքները հաշվարկվել են միլիարդավոր դրամներով, ապա Adjarabet–ում դրանք 1-2 հարյուր միլիոն են եղել։