Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին տեսակապով հանդիպում է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։
Իր խոսքում նախարար Պապիկյանը շեշտել է շինարարական աշխատանքներին տեմպ հաղորդելու և բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Խոսելով մարդկային և տեխնիկական ռեսուրսների համախմբման կարևորությունից՝ նախարարը նշել է, որ համավարակով պայմանավորված խոչընդոտները հաղթահարելի են, և չինացի շինարարների համար ապահովված են աշխատանքային անհրաժեշտ պայմանները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող տեխնիկական և ֆինանսական հարցերին, պատրաստակամություն հայտնել դրանք կարգավորել համատեղ ջանքերով և կառուցողական մթնոլորտում։