ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին։
Նշենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի»,–ասված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով։






