Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կստուգեն Հադրութի շրջանում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության՝ երկուշաբթի հրապարակված տեղեկագրում:
Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
«Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգումներ է իրականացնում՝ կապված դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղում ավտոմատ զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկության հետ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Yerkir.am