Պաշտոնապես հայտարարում եմ. դատական իշխանության այսպիսի խայտառակ վիճակ Հայաստանում երբեք չի եղել․ Արամ Վարդևանյան

51

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց՝ իր բնութագրմամբ՝ աննախադեպ իրավիճակի մասին։

Նա նշեց, որ այսօր ժամը 15։00–ին նշանակված էր Սյունիքի մարզի Գորիս նստավայրում Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը։ Նա հիշեցրեց, որ թեև Արթուր Սարգսյանը ունի պատգամավորական անձեռնմխելիություն, սակայն նա կալանավորված է։

 «Երեք շաբաթից, ուզեն, թե չուզեն, Արթուր Սարգսյանը լինելու է ազատության մեջ, քանի որ վաղեմության ժամկետն է անցնում»,–ասաց նա և նշեց, որ դեռևս գործը նախապատրաստական փուլում է գտնվում։

«Մենք որոշեցինք, որ այսօրվա նիստին ընդառաջ նախապատրաստենք անձնական երաշխավորություն և մի խումբ պատգամավորներով ուղևորվում ենք Սյունիքի մարզ»,–ասաց նա և հայտնեց, որ այնուհետև դատավորի առողջական վիճակը վատթարացել է և Արթուր Սարգսյանի դատը չի կայանում։ Ըստ նրա՝ սա իշխանության կիրառած մեթոդներից է՝ դատական նիստերի պարագայում։

«Սա՞ է խոստացած դատական  իշխանության վիճակը։ Պաշտոնապես հայտարարում եմ ձեզ, այսպիսի խայտառակ դատական իշխանության վիճակ Հայաստանում երբեք չի եղել։ Սա օրվա քաղաքական իշխանության մեթոդներն են, երբ գոնե մի օր ավելի մարդուն կալանքի տակ են պահում և պարզ չէ, թե դրանով ինչի են հասնում։ Այսինքն` էս ինչ ֆետիշ է կալանքի նկատմամբ»,–ասաց նա։