ՀՀ ՄԻՊ-ը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը

9

Հուլիս 13-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովին և տեղական ծրագրերի համակարգող Հովհաննես Մարգարյանցին։

Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը, որը կնպաստի հայ-կանադական համագործակցության առավել խորացմանը, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Զրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը, անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված Պաշտպանի, ինչպես նաև Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի գործունեությանը, փաստահավաք ու մոնիթորինգային այցերի արդյունքում մշակվող առաջարկություններին, ինչպես նաև միջազգային մոնիթորինգային մարմինների հետ փոխգործակցությանը։

Իր խոսքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է նաև Խորհրդարանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները և շեշտել Խորհրդարանին ներկայացվող տարեկան ու արտահերթ զեկույցներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների իրականացման շուրջ համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։

«Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը ներկայացրել է Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ու տեխնիկական հագեցվածության ապահովմանը, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական պայմանների ապահովմանը։

Պարոն Բալինովը իր խոսքում մատնանշել է Խորհրդարանի և մեդիայի միջև կայուն երկխոսության կարևորությունը և ներկայացրել այդ ուղղությամբ Կազմակերպության կողմից իրականացվող գործողությունների մանրամասները։ Պաշտպանը Զրուցակցին է ներկայացրել հարցի շուրջ հաստատության կողմից վերհանված խնդիրները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակելու համագործակությունը նախանշված ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։