Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայկական երկու պետությունները կրկին կանգնեցին անվտանգային լուրջ ճգնաժամի առջև։ Հայաստանի համար մշտական այս խնդիրը հատկապես օրախնդիր դարձավ այն բանից հետո, երբ պատերազմի հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցած ընդարձակ տարածքները, որոնք անկախությունից ի վեր մեր անվտանգության համակարգի կարևոր բաղադրյալներից էին, թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սկսեցին օգտագործվել որպես նոր տարածքներ զավթելու պլացդարմ։ Հայ հանրության համար պարզ դարձավ, որ տարիներ շարունակ մեր գիտակցության մեջ ներարկվող այն թեզը, թե իբր Արցախի ազատագրած շրջանները թշնամուն հանձնելուց հետո հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները խաղաղ զարգացման շրջան կթևակոխեն, բացարձակ կեղծիք ու սուտ էր։ Պատերազմի ավարտից անցել է գրեթե մեկուկես տարի, Ադրբեջանը դրա հետևանքով ստացել է իր պահանջած բոլոր տարածքները (ընդ որում՝ հիմնականում առանց զենք կիրառելու), սակայն մինչ օրս շարունակում է նոր դիրքեր և անգամ բնակավայրեր գրավել։ Դրան զուգահեռ՝ Թուրքիայի ակտիվությունը մեր տարածաշրջանում աննախադեպ ծավալների է հասել։ ԽՍՀՄ փլուզումից հետո Անկարան երբեք այնքան ազատություն չի ունեցել Հարավային Կովկասում, որքան այսօր։
Թուրքիայի իշխանությունների՝ տարիներ շարունակ իրականացվող փորձերը՝ ազդելու մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումների վրա, մշտապես տարբեր խոչընդոտների են հանդիպել։ Դրանց ընդդիմացել են թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ եվրոպական երկրների իշխանությունները։ Վերջիններիս Հարավային Կովկասում հաջողվել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տարածաշրջանային բոլոր կարևոր խնդիրները քննարկվում էին բացառապես աշխարհաքաղաքական այդ երեք կենտրոնների միջև։ Թուրքիայից բացի՝ այդ համակարգ մուտքի իրավունք չուներ նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ընդ որում, եթե Թուրքիայի առջև դրված արգելքի հիմնական գործիքը Հայկական հարցն էր, ապա Իրանը զրկված էր Հարավային Կովկասում ակտիվ դերակատարություն ունենալու հնարավորությունից այն պատճառով, որ դրան դեմ էին Թուրքիայի դաշնակիցներ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը։ Այսինքն՝ Թուրքիայի՝ իբրև տարածաշրջանային գործոնի չեզոքացումը հանգեցրել էր նաև Իրանի հնարավորությունների սահմանափակման, ինչը, աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանային երկրների ընկալմամբ, հավասարակշռում էր Թուրքիայի բացակայությունը մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումներում։
Սա, իհարկե, ուժերի հավասարակշռման բարդ մեխանիզմ էր, որը ենթակա էր արտաքին բազում ազդեցությունների։ Բայց Հարավային Կովկասում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների փաստն ու դրանց կարգավորման ուղիների որոնման հարուստ փորձը ի վերջո ստեղծել էին մի մեխանիզմ, որը թույլ էր տալիս Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Եվրոպային որոշակի համագործակցության դիմել մեր տարածաշրջանում և իրենց համար կարևոր խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ։ Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտին, որի համանախագահները Արցախյան խնդրի լուծման համատեքստում Հարավային Կովկասում, իսկ իրականում՝ նաև Կասպից և Սև ծովերի ավազաններում, համաձայնեցնում էին իրենց բոլոր գործողությունները։Անվտանգային խնդիրներ լուծելու տեսանկյունից հայկական պետությունների համար սա բավական արդյունավետ համակարգ էր առնվազն երկու պատճառով․ նախ՝ որովհետև Թուրքիան որևէ կերպ չէր կարող ազդել ադրբեջանա-արցախյան հակամարտության ընթացքի վրա, և երկրորդ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանն ուներ շատ վստահելի և զարգացման մեծ հեռանկարով հարաբերություններ։ Իսկ ամենակարևոր հանգամանքն այն էր, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան շահագրգռված էին Թուրքիայի՝ հարակից տարածաշրջաններում աճող հնարավորությունների սահմանափակմամբ։ Նրանցից յուրաքանչյուրն իր պատճառներն ուներ։ ԱՄՆ-ում վստահ էին, որ թյուրքական պետությունների հետ աշխարհաքաղաքական բևեռ ձևավորելուց հետո Թուրքիան դուրս կգա Արևմուտքի ազդեցության գոտուց և ինքնուրույն ուժեղ գործոն կդառնա։ Ռուսաստանը մտահոգված էր Թուրքիայի ակտիվացման պատճառով Հարավային Կովկասը, իսկ հետագայում նաև Հյուսիսային Կովկասում գտնվող ռուսական որոշ տարածքներ կորցնելու վտանգավոր հեռանկարով։ Դե իսկ Եվրոպան լավ էր հասկանում, որ ուժեղ Թուրքիա նշանակում է մեծ սպառնալիք արևելքից, որի դեմ հին աշխարհը պայքարելու ռեսուրս գրեթե չունի։
Ուժերի հավասարակշռման և անվտանգային համակարգի այս ողջ մեխանիզմի անկյունաքարը, ինչպես նշեցինք, Հայկական հարցն էր։ Իհարկե, այդ իրողությունը, որպես կանոն, երբեք չէր բարձրաձայնվում, բայց և այնպես տեսանելի էր, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ախորժակը սահմանափակելու ուրիշ փաստարկ աշխարհաքաղաքական կենտրոնները չունեին։ Նրանք մշտապես մատնացույց էին անում այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչած Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ավելին՝ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու համար Թուրքիան շարունակում էր թշնամական քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ՝ փակ պահելով մեր երկրի սահմաններն արևելքում։ Էլ չենք խոսում Թուրքիայի՝ Ադրբեջանին տրամադրած քաղաքական, տնտեսական և ռազմական օգնության մասին։ Բնական է, որ այդ պայմաններում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն շատ հեշտ էին հակադարձում Անկարայի՝ Հարավային Կովկասում որոշակի քաղաքական դերակատարում ստանձնելու բոլոր փորձերին։ Նվազագույն պահանջը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, արագ դրվում էր Թուրքիայի իշխանությունների առջև։
Ավելին՝ Հայոց հարցը եղել է և շարունակում է մնալ Թուրքիայի ակտիվությունը զսպող գործոն նաև այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Մերձավոր Արևելքում և ընդհանրապես ողջ Եվրոպայում։ Այսպես՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հիմնական նախապայմաններից մեկը հենց Հայոց ցեղասպանության ճանաչումն է։ Եվ բանն ամենևին այն չէ, որ եվրոպական մայրաքաղաքները տառապում են պատմական արդարությունը վերականգնելու մոլուցքով։ Ո՛չ։ Պարզապես հավաքական Եվրոպայի մայրաքաղաքը՝ Բրյուսելը, լավ է հասկանում, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ամբողջությամբ կայլափոխի այդ կառույցը և բազում մարտահրավերներ կստեղծի հին աշխարհի համար արդեն ոչ միայն հարակից տարածաշրջաններում, այլև հենց եվրոպական աշխարհամասում։ Իսկ Հայոց ցեղասպանությունն այն պատրվակն է, որը թույլ է տալիս եվրոպացիներին հայտարարել, թե թուրքերը չեն ճանաչում Արևմուտքի հիմնարար արժեքները և դեռ շատ հեռու են քաղաքակիրթ լինելու եվրոպացիների պատկերացումներից։Հասկանալի է, որ նման իրավիճակում Թուրքիան պետք է ամեն ինչ աներ այդ կապանքներից ազատվելու համար։ Թուրքական իշխանությունների՝ երկար տասնամյակների քաղաքականությունը ժխտողականությունն էր։ Սակայն մեր Սփյուռքի, իսկ հետագայում նաև պետության ջանքերով Հայկական հարցը վերջապես դարձավ այնպիսի գործոն, որը սկսեց Թուրքիայի դեմ գործել անգամ Հայաստանի ու հայության կամքից անկախ։ 2008 թ․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Աբդուլա Գյուլի իշխանությունը մեծ հույս ուներ, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով ու սահմանները բացելով կարող է չեզոքացնել նաև Հայկական հարցի գործոնը, սակայն երբ պարզ դարձավ, որ միջազգային մեծ աղմուկ հանած այդ գործընթացը որևէ կերպ չի ազդելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև այդ զսպաշապիկից ազատվելու Անկարայի ցանկության վրա, Թուրքիայի իշխանությունները ետ կանգնեցին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ իրենց իսկ ստանձնած պարտավորություններից։
Հակառակ Թուրքիայի՝ Հայկական հարցից ձերբազատվելու բոլոր ջանքերին՝ պաշտոնական Երևանը հետզհետե ուժեղացնում էր Հայոց ցեղասպանության՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և նրա ագրեսիվ քաղաքականությունը զսպելու գործոնը։2015 թ․ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքում Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը ջախջախիչ պարտություն կրեց։ Նույն թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանություն հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Այդ ամենի շնորհիվ Հայաստանը կարողացավ կարևոր դերակատարում ստանձնել համաշխարհային քաղաքական օրակարգերում․ մենք դարձանք մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները կանխելու անհրաժեշտությունն արտահայտող հիմնական ուժը։ Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում այդ ժամանակ ընթացող ցեղասպանական զարգացումների լույսի ներքո սա անասելի մեծ առաքելություն էր, որը, փաստորեն, ողջ միջազգային հանրության կողմից դրվեց հենց հայկական պետության ուսերին։ Դրա հետևանքով միջազգային հարաբերություններում Հայաստանը տեղափոխվում էր միանգամայն այլ մակարդակ, որտեղ կարելի էր քաղաքական ճիշտ հաշվարկված քայլերով անվտանգության բավական լուրջ խնդիրներ լուծել մեր ժողովրդի համար։ Եվ այդ գործը հաջողությամբ ընթանում էր մինչև 2018 թ․ հեղաշրջումը։ 2018 թվականից սկսած՝ Հայաստանում և մեր հարևանությամբ ամեն ինչ սկսեց արագ փոխվել։
Հայաստանի նոր իշխանությունները մի քանի ամսվա ընթացքում բառացիորեն ոչնչացրին նախորդ տասնամյակների ընթացքում ձևավորված անվտանգության բոլոր համակարգերը, այդ թվում՝ Հայկական հարցի՝ Թուրքիայի ակտիվությունը զսպող գրեթե ողջ պոտենցիալը։ Փաշինյանի կառավարությունը դադարեց սպասարկել համահայկական և անվտանգության կարևորություն ունեցող օրակարգերը՝ բոլոր ուժերը կենտրոնացնելով երկրի ներսում սեփական իշխանությունն ամրապնդելու՝ իր համար կարևոր խնդրի ուղղությամբ։ Այդ ընթացքում նրանք նույնիսկ հանցավոր համաձայնության եկան Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչի հետևանքով թշնամին սեփական առաջնագիծն ուժեղացնելու և հայկական հենակետերի նկատմամբ գերակա դիրքեր զբաղեցնելու հնարավորություն ստացավ։ Իսկ այնուհետև՝ 44-օրյա պատերազմի նախաշեմին, պաշտոնական Երևանը ոչինչ չարեց, երբ Թուրքիան ամենաբարձր մակարդակով ինքն իրեն ադրբեջանա-արցախյան հակամարտության կողմ հռչակեց։ Այդ պահից սկսած՝ Անկարայի համար պարզ դարձավ, որ Հարավային Կովկաս ներխուժելու լավ հնարավորություն է ստեղծվել իր համար, ինչից և նա օգտվեց 2020 թ. պատերազմի ընթացքում։ Հայկական հարցը, սակայն, դրանով չի կորցրել իր կարևորությունը հայկական պետությունների անվտանգության ապահովման համար։Ճիշտ է, այդ գործոնը հիմա թուլացած և գրեթե չեզոքացված է, սակայն ճիշտ քաղաքականության պարագայում այն կրկին կարող է իր ուրույն դերը ստանձնել Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային համակարգում։ Մանավանդ որ Թուրքիայի ակտիվությունը զսպելու խնդիրը շարունակում է նույնքան կարևոր մնալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար, որքան մինչև 2018-2020 թթ. իրադարձություններն էին։ Պարզապես անհրաժեշտ է, որ հայկական պետությունը կրկին սկսի զբաղվել իր ազգային օրակարգերով և դադարեցնի ամեն գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու փորձերը։
Իսկ դրա համար Հայաստանում պետք է իշխանություն փոխվի։ Միայն այդ պարագայում մեր երկիրը սեփական անվտանգային համակարգերը վերականգնելու նոր հնարավորություն կստանա։