Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը անդրադարձել է Լիբանանում երկար դադարից հետո նոր կառավարության ձևավորմանն ու առկա խնդիրների լուծման անհրաժեշտությանը։
«Արմենպրեսում» հրապարակված նրա անդրադարձը ներկայացնում ենք ստորև․
«Երկար ձգձգումներից հետո Լիբանանի կառավարության ձևավորումը զուտ ներլիբանանյան համախոհության կայացումով չի կարելի բացատրել։ Կառավարության ձևավորումը չի ենթադրում, որ կուտակված ճգնաժամերը արագ կհանգուցալուծվեն։
Միջազգային ընտանիքի կիրառած ֆինանսատնտեսական պաշարումը փուլ առ փուլ վերացնելու համար կան նախապայմաններ։ Առերեւույթ հակակոռուպցիոն եւ բարեկարգչային գործողությունների իրականացման պահանջներ են, կամ ընդհանրապես ապաշնորհ վարչակառավարման դրությունից հրաժարվելն է, սակայն կան քաղաքական այլ բովանդակային մոտեցումներ, որոնք կապված են իրանյան ազդեցության չեզոքացման, ընդծովյա ուժանյութի շահարկման համար Իսրայելի հետ սահմանազատման եւ Լիբանանում ապրող պաղեստինցի ազգաբնակչության վերջնական բնակեցման պահանջներ։
Նորանշանակ կառավարության առաջ դրվելու են պահանջներ եւ այդ պահանջների բավարարումից է կախյալ ֆինանսատնտեսական պաշարումի թուլացումը։
Հիմնական հանգրվան է լինելու առաջիկա մայիսը։ Մայիսին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Դասական համայնքային համակարգից քաղաքացիական պետություն անցման օրակարգ են ձեւավորել Լիբանանում ազդեցություն ունեցող պետություններ եւ լիբանանյան քաղաքացիական շարժումներ։
Նորանշանակ կառավարությունը ունի դժվար մարտահրավերներ։ Նախ` իհարկե հակաճգնաժամային ծրագրի մշակում, Բեյրութի նավահանգստի պայթյունի պատասխանատուների արդարադատում, արտաքին պահանջների բավարարման փորձեր եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում»։