Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքում Թաղավարդ գյուղը բաժանվեց 2 մասի. հայերը մնացին ապրելու մի մասում, որը կոչվում է Կալլեր Թաղավարդ, իսկ ադրբեջանական զորքերը գրավեցին մյուս մասը, ասվում է Euronews-ի պատրաստած ռեպորտաժում։ Նշվում է, որ հայ բնակչությունը՝ շուրջ 400 մարդ, լքել են իրենց տները և դարձել փախստական։ Սուսաննա Շահրամանյանը նրանցից մեկն է: «Մենք մեզ հետ ոչինչ չենք վերցրել։ Արթնացանք, լսեցինք, որ գյուղի վրա կրակում են, պարզապես հագնվեցինք և տնից դուրս եկանք: Երբ իմացանք, որ հրադադարի մասին համաձայնագիր է կնքվել, ներկայացանք Ստեփանակերտ։ Հիմա փորձում ենք ինչ-որ կերպ հարմարվել. հնարավոր է՝ մնանք այստեղ ապրելու»,- ասում է Սուսաննան։
Բայց նրանց համար, ովքեր մնացել են Կալլեր Թաղավարդում, կյանքն արմատապես փոխվել է. հայկական և ադրբեջանական անցակետերը գտնվում են միմյանցից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։Սամվել Աթայանը առաջիններից է, ով կնոջ և երեխաների հետ հայրենի գյուղ է վերադարձել:«Մինչև պատերազմը մենք մեզ 98%-ով ապահով էինք զգում, իսկ հիմա՝ 30%-ով։ Ես չեմ վախենում, ես այնքան շատ բան եմ տեսել։ Բայց իմ երեխաները վախենում են: Մենք անզեն ենք, գյուղը բաժանված է։ Չգիտեմ․.. Երևի նման պայմաններում ապրելն էլ հնարավոր չի լինի»,- ասում է Սամվելը։
Ռեպորտաժում նշվում է, որ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև ռուսական դրոշն է կանգնեցված։«Պատերազմի ժամանակ գյուղի բնակիչներն էին պաշտպանում իրենց տները, իսկ այժմ նրանց փոխարինել է հայկական բանակը»:Գյուղի գերեզմանատունը մնացել է սահմանի մյուս կողմում, և Թաղավարդի հայերն իրենց հարազատների ու մերձավորների գերեզմաններն այլևս չեն կարողանա այցելել, եզրափակում է թղթակիցը։