Դուք հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե չէ. ԱԺ-ում ԲԴԽ անդամի հարցի ընտրության քննարկման ժամանակ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը: Սիրունյանը նախ շնորհակալություն հայտնեց հարցի համար, ապա կարճ պատասխանեց՝ չէ:
Իսկ Նազարյանը պարզաբանեց, որ հարցնում է, քանի որ խորհդակցել է իր հոգեբան-հոգեբույժ ընկերոջ հետ, ով ասել է, որ պարբերաբար «ֆեյսբուքներում» հրապարակային հայհոյախոսում են հարբեցողության նկատմամբ հակում ունեցող մարդիկ:
Բացի այդ պատգամավորը նշեց, որ 17 ՀԿ հորդորում է՝ Սիրունյանը կամ հրաժարվի այս ամեն ինչից, կամ ՔՊ-ին են հորդորում չընտրել վերջինիս:
«Ընդ որում, այդ 17 ՀԿ-ների գերակշիռ մասը համակրանք ունեն ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աստիճան է Ձեր հանդեպ վերաբերմունքը, որ այդ մարդիկ հրապարակային կոչ են անում: Դուք այս ամեն ինչից հետո ԲԴԽ-ում այդ անդամների հետ ո՞նց եք շփվելու, ի՞նչ եք ասելու, սկսենք հայհոյե՞լ, թե սկսենք ժողովրդի այս կամ այն խմբին վիրավորել»,- հարցրեց Նազարյանը:
Ի պատասխան` Սիրունյանը նշեց, թե ըստ էության, հարց չկար, բայց պարտավոր է պատասխանել:
«Նորից եմ ասում, նման բան չկա, եթե դեմ չեք, հարմար պահի գնանք արյան անալիզ տալու: Մնացածին, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, վերջին հարցադրման հետ կապված միայն ասեմ՝ ես ուրախ եմ, որ մենք վերջապես քաղաքացիական հասարակություն ունենք»,- ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները դուրս էին հանել Սիրունյանի հայհոյախառը գրառումները՝ ուղղված արցախցիներին և ՔՊ-ին ու Փաշինյանին քննադատողներին:
Սիրունյաննն ի պատասխան պատգամավորներին հարցադրումների նշում էր, որ այդ բոլոր մեջբերումները, հայհոյանքները կոնտեքստից կտրած են:
Infoport