Դիմորդների 20 տոկոսը չի հաղթահարել մաթեմատիկայի անցողիկ շեմը

28

Հունիսի 17-ին հանրապետության 38 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկանում է, որ արդեն արվել է միասնական քննության արդյունքների նախնական վերլուծությունը:

Քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 5414 դիմորդ, մասնակցել է 5295-ը, միջին միավորը եղել է 11.04, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1067 հոգի կամ մասնակիցների 20.2 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 320 հոգի կամ 6 տոկոսը:

18-18.75 միավոր հավաքել է 153 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 127 դիմորդ, 20 միավոր ստացել է 40 հոգի:

Ստացված ցուցանիշները երբ համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա ստանում ենք հետեւյալ պատկերը. 2021 թվականին «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնել է 5028 հոգի, միջին միավորը եղել է 10.47, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 1131 հոգի կամ 22.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 245 հոգի կամ 4.9 տոկոսը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի որոշմամբ քննության ժամանակ դիմորդներին թույլատվել էր օգտվել միայն պարզագույն հաշվիչներից։ Բարդ սարքեր քննասենյակ տանելն արգելվել է։

Նախորդիվ ներկայացրել ենք նաեւ «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն», «Հայոց լեզու եւ հայ գրականություն» եւ «Օտար լեզու» առարկաներից միասնական քննությունների նախնական արդյունքները։