Իշխանությունները հանձնել են Արցախը, հիմա էլ փորձում են մոռացության տալ մեր հայրենիքի կորուստը, ուրանալ ցեղասպանությունը, իհարկե, այս ամենն անելու են կեղծ լոզունգների ներքո՝ քողարկելով խաղաղության, բարեկեցության խոսքերի տակ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյանների կողմից հնչեցված հայտարարություններին՝ թե պետք է դադարենք Թուրքիային և Ադրբեջանին որպես թշնամի ընդունել և նրանց հետ փորձենք դիվանագիտական կապեր հաստատել:
«Ադրբեջանը և Թուրքիան ամեն օր սպառնալիքներ են հնչեցնում,ասում են՝ Զանգեզուրը մերն է, գերիներին չեն վերադարձնում, իսկ մեր երկրի իշխանության գլխին հայտնված մարդիկ ծրագրավորված երկիրը տանում են այլ ուղղությամբ, քաղաքական գծի փոփոխություն են անում, որը կործանարար է լինելու մեր պետության համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս չբացառեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը լինի պահանջատիրությունից և ցեղասպանության հարցից հրաժարվելու, նաև նոր տարածքներ զիջելու գնով.
«Տեսեք, երբ իրենք ասում են, որ պետք է վերջ դնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամանքին, և նրանց հետ հարաբերություններ հաստատել, ես ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ դիմաց, ակնհայտ է, որ դա պետք է արվի պահանջատիրությունից հրաժարվելու, ցեղասպանությունն ուրանալու, նոր ռազմավարական տարածքներ և ճանապարհներ զիջելու հաշվին»,-ասաց զրուցակիցը:
Իշխան Սաղաթելյանը նկատում է, որ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը աշխատում է միակողմանի, միայն հայկական կողմն է ճշգրտությամբ կատարում հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մինչդեռ ամենակարևոր կետը՝ գերիների վերադարձը Ադրբեջանը չի իրացրել.
«Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքն ընկել է ծնկի եկած, անհայրենիք մի ղեկավար, որից փորձում են ստանալ՝ ինչ հնարավոր է, ակնհայտ է որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը աշխատում է միակողմանի, ափալ-թափալ տվեցինք տարածքներ, բայց գոնե տարրական կետը՝ գերիների վերադարձը չիրականացվեց, ավելին, մենք գերիներ ունեցանք նաև համաձայնագրի ստորագրումից հետո, բոլոր չարիքները տեղի են ունենաում այն պատճառով, որ մենք չունենք ղեկավարություն, երկրում անիշխանություն է, իրենց ուշքն ու միտքը միայն աթոռ պահելն է, ի վիճակի չեն և չէին դիմակայել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ այս բոլոր հարցերը կարող են լուծում ստանալ միայն գործող իշխանության հեռանալու և նոր որակի իշխանության ձևավորման պարագայում:
Հարցին՝ թե ընտրություններից հետո ՀՀ-ում արդյո՞ք նոր իշխանություններ կձևավորվեն, Սաղաթելյանն արձագանքեց.
«Ընտրություններից հետո ՀՀ-ում նոր իշխանություն կձևավորվի, գործող իշխանությունը վերարտադրվելու շանս չունի»:
Աղբյուր` Փաստինֆո