Վրացի բժիշկները գրանցել են առաջին մահը երկրի այն բնակիչների շրջանում, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է հանրապետության առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարի խոսքով՝ ամբողջությամբ պատվաստված մարդկանց շրջանում մահացությունը կազմում է 0,001%: Վերջերս մահացած հիվանդն ունեցել է բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ, և բժիշկները չեն կարողացել փրկել նրան: Լրագրողների այն հարցին, թե վերջինս ինչ պատվաստանյութով է պատվաստվել, Տիկարաձեն պատասխանել է, որ «դրանք հիվանդի անձնական տվյալներն են»:
Մարտի 15-ից հանրապետությունը բնակչությանը պատվաստում է AstraZeneca-ի, Pfizer-ի, Sinopharm-ի և Sinovac Biotech-ի պատվաստանյութերով: Հուլիսի 5-ից իշխանությունները սկսել են բնակչության (ավելի քան 3,7 միլիոն մարդ) զանգվածային պատվաստումներ: Առողջապահության նախարարության տվյալներով, 294,365 մարդ ստացել է երկու չափաբաժին, ինչը կազմում է բնակչության 7,89%-ը: