ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չգիտի, թե ինչպես պետք է վերջ տա պատերազմին, և չի պատրաստվում դադարեցնել ամերիկյան ռազմական օգնությունը Ուկրաինային. գրում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
Ըստ FT-ի , եվրոպացի պաշտոնյաներից նրա երկու անանուն զրուցակիցներն ասել են, որ, դատելով Թրամփի թիմի հետ բանակցությունների բովանդակությունից, նա դեռ չի որոշել, թե ինչպես պետք է դադարեցնի պատերազմը, և որ ամերիկյան օգնությունը կշարունակի տրամադրվել Ուկրաինային նաև հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից հետո։
Դոնալդ Թրամփն այս շաբաթ ասել է, որ ակնկալում է ուկրաինական հրադադարի հասնել վեց ամսվա ընթացքում, թեև նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ասել էր, որ նախագահ ընտրվելուն պես անպայման կդադարեցնի պատերազմը 24 ժամվա ընթացքում։
Ուկրաինայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը չորեքշաբթի Fox News-ի եթերում ասել է, որ նպատակ ունի դադարեցնել պատերազմը 100 օրվա ընթացքում։
Պարբերականը հիշեցնում է, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անցյալ շաբաթ Մար-ա-Լագոյի նստավայրում Թրամփի հետ հանդիպումից հետո լրագրողներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցնի Ուկրաինային օգնություն տրամադրելը։