Ռուսական հետախուզությունը երկու շաբաթ առաջ տեղյակ էր ուկրաինական զինված ուժերի՝ Կուրսկի շրջան մոտալուտ ներխուժման մասին, սակայն երկրի ռազմական ղեկավարությունն անտեսել է այդ տեղեկությունը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։
Նշվում է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի համար ամենախոշորն հարձակման նախապատրաստման մասին տեղեկությունները նախագահ Վլադիմիր Պուտինին չի զեկուցվել: Դրանք անտեսել է նաև Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, որն Ուկրաինայում ռուսական խմբավորումը ղեկավարում է 2023 թվականի հունվարից։
Պուտինն, ամենայն հավանականությամբ, չի համարձակվի աշխատանքից հեռացնել Գերասիմովին, որը գլխավորել է Գլխավոր շտաբը ավելի քան 12 տարի և մնացել է իր պաշտոնում, ի հեճուկս պաշտպանության նախարարության լայնածավալ «զտումներին», հայտնել է Bloomberg-ի աղբյուրը։ Սակայն, ըստ գործակալության զրուցակցի՝ Կրեմլի համբերությունը բազմաթիվ շքանշանների ասպետ և բանակի բարձրագույն կոչում (բանակի գեներալ) ունեցող 68-ամյա Գերասիմովի հանդեպ սպառվում է:
Գերասիմովը չորեքշաբթի նախագահին զեկուցել է, որ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանում «կասեցվել է», միաժամանակ նա խոստացել է անխուսափելի «ջախջախել» շփման գիծը հատած, 10 կմ խորացած և առնվազն 10 գյուղ գրաված ուկրաինացի զինվորականներին։
Մեկ օր անց Ուկրաինայի Զինված ուժերն ընդլայնել են վերահսկողության գոտին սահմանամերձ շրջաններում՝ գրավելով ավելի քան 400 քառ կմ տարածք։ Սուջա քաղաքը և համանուն գազաբաշխիչ կայանը, որով ռուսական գազը մատակարարվում է Կենտրոնական Եվրոպայում «Գազպրոմի» վերջին հաճախորդներին (Ավստրիա, Հունգարիա և Սլովակիա), անցել են ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ։ Ուկրաինայի զինված ուժերը գերեվարվել են առնվազն 40 ռուս զինվորական, նրանց թվում՝ ժամկետային զինծառայողների, ինչպես նաև սահմանապահների։
Հակառակ հետախուզության նախազգուշացումներին, Ուկրաինայի զինված ուժերի անսպասելի հարձակումը անակնկալի բերեց ռուս գեներալներին։ Ռուսական զորքերը, պարզվեց, վատ պատրաստված էին և ի սկզբանե գործնականում ոչ մի դիմադրություն ցույց չտվեցին ուկրաինական ուժերին, գրում է Bloomberg-ը։
Հինգշաբթի օրվա դրությամբ Կուրսկի շրջանի առնվազն 20 բնակավայր արդեն Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ էր։ Ռազմական թղթակից Յուրի Կոտյոնոկը գրել է, որ հակառակորդը սկսել է ամրությունների՝ խրամատների, բլինդաժների կառուցումը:
Պաշտոնական տվյալներով՝ Կուրսկի շրջանում մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել է 31 մարդ։ Կուրսկի մարզի առողջապահության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ 19 բնակիչ, նրանց թվում՝ չորս երեխա, հոսպիտալացվել են։