ԱՄՆ իշխանությունները մտահոգված են այն հաղորդագրություններով, որ Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ծանուցել է մինչև 20% հարստացված մետաղական ուրանը որպես ռեակտորի վառելիք օգտագործելու ծրագրի մասին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Մտահոգիչ է, որ Իրանը նախընտրում է շարունակել սրացման ճանապարհը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու առումով», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա Իրանի ևս մեկ հիասթափեցնող քայլ է, հատկապես այն փաստի ֆոնին, որ մենք ցույց տվեցինք մեր անկեղծ մտադրությունն ու պատրաստակամությունը վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին և գտնել խնդրի լուծման ավելի արդյունավետ ուղիներ», հավելել է Փրայսը: