Չինաստանի 094A «Ցզին» տիպի ռազմավարական միջուկային սուզանավն ունակ է այնպիսի հրթիռ կրել, որը կարող է թիրախներ խոցել Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում: Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ:
Սուզանավը կարող է կրել JL-3 նորագույն միջմայրցամաքային հրթիռներ, որոնց թռիչքի հեռահարությունը, ըստ որոշ գնահատականների, հասնում է 12 հազար կիլոմետրի:
Մինչև արդիականացումը սուզանավերի այս տեսակը զինված էր ավելի պակաս հզոր JL-2 հրթիռով, որը կարող էր թիրախներ խոցել միայն ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում: JL-3 հրթիռը, ինչպես իր նախորդը, ունակ է կրել բազմաթիվ միջուկային մարտագլխիկներ: