Ուկրաինան պետք է զինվի հրթիռներով, որոնց հեռահարությունը կկարողանա «սպառնալ Ռուսաստանի Դաշնությանը», մասնավորապես՝ ատոմակայաններին: Այս հայտարարությունն արել է Գոլոս խմբակցությունից Գերագույն Ռադայի պատգամավոր Ռոման Կոստենկոն:
«Ռուսաստանի Դաշնությունն ունի աշխարհի ամենահզոր բանակներից մեկը և աշխարհի ամենամեծ միջուկային ներուժը: Մենք պետք է ինչ-որ բան ունենանք դրան ընդդիմանալու համար: Այժմ մեզ պետք են հրթիռներ՝ առնվազն մինչև հազար կիլոմետր հեռահարության հրթիռներ, որոնք մենք կարող ենք ունենալ ծառայության մեջ և սպառնալ Ռուսաստանի Դաշնությանը կանխարգելիչ կերպով», ասել է պատգամավորը ուկրաինական «Չորրորդ ալիքին» տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ խորհրդարանականը հրթիռներ ունենալու անհրաժեշտությունը կապում է Ռուսաստանում ատոմակայանները խոցելու հնարավորության հետ: «Մենք պետք է ունենանք այդպիսի հրթիռներ, նույնիսկ առանց միջուկային մարտագլխիկների, և Ռուսաստանը պետք է իմանա դրա մասին, նրանք ունեն ատոմակայաններ, ինչպես մենք ունեինք Չեռնոբիլը, թող իմանա, որ մեր հրթիռները պարզապես այնտեղ կթռչեն: Այդ ժամանակ մենք կկարողանանք մեր դիվանագիտությունն անցկացնել Ռուսաստանի Դաշնության հետ հավասարը հավասարի հետ», ասել է Կոստենկոն: