Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ. «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին
Նա բանակցությունները որակել է որպես զուտ պաշտպանական հարց։
Արաղչին նշել է, որ Վաշինգտոնի հետ վերջին շփումները «լավ մեկնարկային կետ» են, սակայն վստահություն կառուցելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։
Նախարարը հայտնել է, որ նախորդ օրը կայացած բանակցությունները տեղի են ունեցել անուղղակի ձևաչափով և սահմանափակվել են բացառապես միջուկային հարցերով։
«Հարստացման արգելքի հարցը Իրանի համար քննարկման առարկա չէ։ Ուրանի հարստացումը Իրանի իրավունքն է, և այն պետք է շարունակվի», – ասել է Արաղչին։
Արաղչին նշել է, որ Իրանը պատրաստ է հարստացման հարցի վերաբերյալ հավաստի համաձայնագրի։
«Ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում հրթիռների վերաբերյալ բանակցություններ հնարավոր չեն, քանի որ սա պաշտպանության հարց է», – ասել է նա։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հարվածին հնարավոր արձագանքին՝ ասել է. «Իրանի վրա հարձակման դեպքում մենք հարված կուղղենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին»։
Արաղչիի խոսքով՝ պատերազմի հնարավորությունը միշտ գոյություն ունի, և Իրանը պատրաստ է նման սցենարի։





