ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից պահանջվում է ապահովել Ուկրաինայի անվտանգության իրական երաշխիքներ և ստիպել Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը. Վարշավա կատարած այցից հետո լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Թրամփն ի վիճակի է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Վստահ եմ, որ Ռուսաստանը վախենում է Ամերիկայից ու Չինաստանից։ Եվ նա վախենում է միասնական Եվրոպայից»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակի տեսանկյունից Եվրոպան առանց Ուկրաինայի զինված ուժերի, ի վիճակի չէ կռվել Ռուսաստանի հետ։
«Ռուսական բանակն ավելի մեծ է, քան Եվրամիության ողջ բանակը։ Ավելի շատ զենք, ավելի շատ մարդ և ավելի շատ ամբարտավանություն, քանի որ եվրոպացիները քաղաքակիրթ են, և նրանք սովոր չեն սրան, նրանք չգիտեն, թե դա ինչ է… Փառք Աստծո, որ նրանք ողջ են և ապրում են խաղաղության մեջ, ժողովրդավարության մեջ, և չգիտեն, թե ինչ է պատերազմը։ Բայց Ռուսաստանը գիտի և ունի փորձ։ Առանց ուկրաինական բանակի, Եվրամիության բանակներն այսօր ի զորու չեն պատերազմել»,- նշել է Զելենսկին։